ՆԱՏՕ-ն կքննարկի Իրաքի կառավարությունն օգնելու ցանկացած խնդրանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

 

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն մինչև այժմ որևէ հարցում չի ստացել Իրաքից' ԻԼԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «Ես համոզված եմ՝ եթե Իրաքի կառավարությունը դիմի օգնության խնդրանքով, Դաշինքի համախոհները լրջորեն կուսումնասիրեն այն»,- նշել է Ռասմուսենը:

 

Իրաքի Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ սպանվել է ԻԼԻՊ խմբավորման ղեկավարներից Աբու Հաջիր Սուրին, ով կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մտերիմն էր: Նա սպանվել է Մոսուլ քաղաքում' ամերիկյան օդային հարվածի հետևանքով:

 

Տեղեկություններ կան, որ ԻԼԻՊ խմբավորումը Իրաքի հյուսիսում գտվող Քիրքուք մարզի Թել Ալի գյուղում 50 մարդ է առևանգել: Մինչ այժմ առևանգվածների վերաբերյալ տեղեկություն չկա:

 

ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն է հաստատել Իրաքի ողջ տարածքի մեկ երրորդի վրա: