Ռուսաստանը հարկադրված կլինի ասիմետրիկ պատասխան տալ Արեւմուտքի երկրների կողմից հերթական պատժամիջոցներին, մասնավորապես, սահմանափակիչ միջոցառումները կարող են վերաբերել երկրի տարածքով օտարերկրյա ավիաընկերությունների թռիչքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում: Ընդսմին նա նշել է, որ պատժամիջոցները «չեն օգնում խաղաղություն հաստատելու Ուկրաինայում»:
«Եթե լինեն էներգետիկայի հետ կապված պատժամիջոցներ, մեր ֆինանսական հատվածի հետագա սահմանափակումներ, մեզ հարկ կլինի ասիմետրիկ պատասխան տալ»,- նշել է Մեդվեդեւը:
Նա հավելել է, որ տնտեսական պատժամիջոցների սահմանումը քաղաքական հետեւանքներ կունենա: «Իսկ դրանք արդեն ավելի ահավոր են մատակարարումների սահմանափակումներից. հնարավոր է աշխարհում անվտանգության համակարգի փլուզում»,- հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
Մինչդեռ, ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը ֆլամանդական VRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է վերանայել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Ուկրաինայում հրադադարը պահպանվի եւ հանգեցնի խաղաղության շուրջ բանակցությունների սկսվելուն:
The Wall Street Journal ամերիկյան թերթը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցները նախատեսում է ռուսական այն ընկերությունների թվաքանակի ավելացում, որոնք չեն կարողանա միջոցներ փոխառնել կապիտալի շուկաներում:
Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ պատժիչ ցուցակում կներառվեն ՌԴ երեք հիմնական պետական նավթընկերությունները՝ «Գազպրոմ նեֆտը», «Տրանսնեֆտը» եւ Ռոսնեֆտը: Բացի այդ, պետության կողմից վերահսկվող հինգ բանկերի համար, որոնց ներկայում արգելված է աշխատել մարման ավելի քան 90 օր ժամկետով եվրոպական փոխառու գործիքներով, այդ ժամկետը կկրճատվի մինչեւ 30 օր: Խոսքը վարկային հիմնարկությունների մասին է, որոնց նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել հուլիսի վերջին, դրանք են՝ Սբերբանկը, Ռոսսելխոզբանկը, Գազպրոմբանկը, Վնեշէկոնոմբանկը եւ ՎՏԲ-ն: Նախատեսված են սահմանափակիչ այլ միջոցառումներ, մասնավորապես, պաշտպանության բնագավառում: