Այսօր լրանում է Ստամբուլի Շիշլի թաղամասում հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարին: Կատարվածը չեն մոռացել ընկերները, մտերիմները, հասարակությունները: Դժվար է ասել՝ ինչ է փոխվել Հրանտ Դինքի մահից հետո, երբ դեռ երկու հոգի են պատասխանատվություն կրել կատարվածի համար:

Ընկերները շարունակում են պահանջել արդար դատավարություն և այն կարծիքին են, որ դեռ շատ աշխատանք կա անելու այդ ուղղությամբ, քանի որ ինչպես իրենք են ասում՝ մոռանալ այս ամենը, նշանակում է ևս մեկ անգամ սպանել իրենց ընկերոջը՝ նպաստելով նոր սպանություններին: Հրանտ Դինքի գործի հետ կապված պայքարողները հասան նրան, որ Վճռաբեկ դատարանը օրերս որոշում կայացրեց, որ սա ոճիր է՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից, և նախկին 19 ամբաստանյալներին պետք է դատապարտել որպես կազմակերպված հանցավոր խումբ, այսինքն՝ սա կազմակերպված ոճիր դիտարկել: Եվ հիմա Վճռաբեկ դատարանը պահանջում է և երրորդ անգամ դատը հետ է ուղարկում վերանայման, որովհետև, ինչպես ասում է «Ագոս» թերթի հայկական էջերի պատասխանատու Սարգիս Սերոբյանը, գործին ներգրավված է հայատյաց կազմակերպություն, և սա աշխարհի համար ոճիր է: Ի՞նչ է փոխվել թուրք հասարակության գիտակցության մեջ, բացի այդ պահի հնչեցրած կոչերից, որ մենք հայ ենք, Հրանտ Դինք ենք, այնքան էլ շատ բան չի փոխվել, եթե դիտարկենք վերջին ամիսներին՝ հայ կանանց նկատմամբ բռնությունները, ինչպես նաև հայ Մարիցա Քյուչուքիի դաժան սպանությունը:

Թուրք ֆոտոլրագրող Ումուդ Վեդաթը, պատմելով Դինքի սպանության օրերին տեղի ունեցող հասարակական շարժումներից, նկատեց, որ փողոց դուրս եկածների և պայքարողների շարքում կան այնպիսիները, ովքեր անձնապես Հրանտ Դինքին չէին էլ ճանաչում, կային նաև այնպիսիներ, ովքեր գաղափար չունեին նրա ծավալած գործունեությունից, կային այնպիսիները, ովքեր նրա անունն առաջին անգամ այդ պայքարի օրերին իմացան: Մարդկանց փողոց դուրս բերողը արդարության պահանջն էր: «Ի՞նչ է փոխվել այս վեց տարիների ընթացքում: Հիշում եմ՝ երբ թուրք հասարակությունը ցույցեր էր անցկացնում «Ագոս»-ի խմբագրատան մոտ, նրանց շարքերում կային մարդիկ, ովքեր այնքան էլ չէին կիսում ցուցարարների կարծիքը: Հիմա հասարակության մեծ մասը հասել է այն կետին, որ կարծես մի անձրևանոցի տակ լինեն, որը դեմ է բռնությանը, մարդասպանությանը, փաստերի կեղծմանը, նրանց համախմբումը ճշմարտության և արդարության գաղափարի շուրջ է»,- այդպես է կարծում թուրք ֆոտոլրագրողը: Ըստ նրա՝ այդ գիտակցության են եկել նույնիսկ այն մարդիկ, ովքեր այդ օրը ինչ-որ արտասովոր բան չէին տեսնում կատարվածի մեջ. «Հիմա թուրք հասարակությունն ավելի շատ է արդարություն, ճշմարտություն պահանջում, քան տարիներ առաջ: Այն, ինչին ես խորապես հավատում եմ՝ այն է, որ մարդիկ հետզհետե ավելի շատ են գիտակցում, որ յուրաքանչյուր խնդրի լուծում իրենց ձեռքերում է: Այսինքն՝ հասկանում են, որ յուրաքանչյուր խնդիր պետք է լուծեն ինքնուրույն, և ոչ թե դրանք թելադրված լինեն քաղաքական գործիչների կողմից»:

Իսկ վերջին ամիսներին հայ կանանց հետ կատարված բռնությունները, ինչպես նաև սպանության դեպքը չի դիտարկում իբրև կանաց դեմ բռնություն: Նրա խոսքով, ցանկացած բռնություն՝ կապ չունի կանանց, թե տղամարդկանց նկատմամբ, ամեն պարագայում դատապարտելի և անընդունելի է իր համար: «Այդուհանդերձ, կանանց իրավունքները և կանանց նկատմամբ խտրականությունը մեծ բիծ են Թուրքիայի այս փուլի համար, բայց չեմ կարծում, որ այսօր պետք է շատ խորանալ այդ հարցի շուրջ, որովհետև խտրականության դրսևորումը շատ մեծ խնդիր է աշխարհի բոլոր երկրներում»:

Դինքի սպանությունից հետո, թեև մամուլը վերջնականապես չազատականացավ, բայց ֆոտոլրագրողի խոսքով, գնում է դեպի ազատականացում: Հրանտ Դինքը հիմա հանդիսանում է խաղաղության ջատագով, արդարության և մարդասիրության սիմվոլ Թուրքիայում, և դա նստած է թուրք հասարակության գիտակցության մեջ: «Կարող եմ ասել՝ նա ոչ միայն լավ ընկեր, գրող և լրագրող էր, նա նաև խաղաղության կերպար կերտող հերոս էր: Ցավակցում եմ բոլորիս Դինքի կորստի համար»:

Իսկ արդյոք հայերը պատրա՞ստ են ասել՝ մենք թուրք ենք Հայաստանում նման դրսևորման հանդիպելու պարագայում, ֆոտոլրագրողը, վավերագրողը առանց երկմտելու ասում է, որ կլինեն խաղաղություն պահանջողներ, որոշում կայացնող, արվեստագետներ, ովքեր կփնտրեն լուծումներ, լայն մտահորիզոն ունեցող մարդիկ, մտավորականներ, խաղաղության ջատագովներ, մարդիկ, ովքեր արդարություն կպահանջեն:

Այս հարցը արձակագիր, հանրային կապերի մասնագետ Արմեն Օհանյանը դիտարկում է ժողովրդավարության համատեքստում. Հայաստանը հիմնավորապես մոնոէթնիկ է, և շատ քիչ ազգային փոքրամասնություններ կան, բայց, եթե վաղն, օրինակ, եզդիների նկատմամբ խտրականության կոպիտ դրսևորումներ լինեն, շատ բնական է համարում քաղաքացիական հասարակության, այդ թվում և՝ իր, փողոց դուրս գալը և «Մենք բոլորս եզդի ենք» վանկարկելը: «Այստեղ որևէ արտառոց բան չկա, քանի որ դա ժողովրդավարության էությունն է, այսինքն՝ անցնում է մեծամասնության խոսքը, իսկ փոքրամասնությունը հարգվում է ու չի ճնշվում: Առանց դրա ժողովրդավարություն չի լինի: Եթե ազգությամբ թուրքը լինի ՀՀ քաղաքացի և նրան սպանեն փողոցում միայն այն պատճառով, որ ինքը թուրք է, ապա կպայքարենք նաև նրա համար: Իսկ իրականության մեջ ՀՀ քաղաքացիների մեջ, ինչքանով ինձ է հայտնի, էթնիկ թուրքեր չկան և մոտ ապագայում չի էլ պլանավորվում թուրքերով Հայաստանը վերաբնակեցնել, բայց փոխարենը երկիրը լքում են հայերը»,- ասաց արձակագիրը՝ հավելելով, որ քսաներորդ դարի սկզբին հայերը լքում էին իրենց կենսատարածքը' թուրքական իշխանությունների քաղաքականության արդյունքում, քսանմեկերորդ դարասկզբին' սեփական: Հայաթափության արատավոր շրջանին պիտի վերջ դրվի, և սա կլինի Դինքի կիսատ գործն ավարտին հասցնելու մեր' Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ավանդը:

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն էլ այն կարծիքին է, որ եթե հայերի թիվն էլ թուրքերի չափ մի քանի տասնյակ միլիոն լիներ, մի քանի հազար մարդ կգտնվեր, որ դուրս գար փողոց նման հայտարարությամբ: Ազգաբնակչության թվի համեմատ համամասնորեն այսօր էլ Հայաստանում նույնքան մարդ կգտնվի, որ փողոց դուրս գա: Բայց ամբողջ հարցը, ըստ նրա, այն է, որ այսօր Թուրքիան պետական մակարդակով Հայաստանի հանդեպ նացիոնալիզմ ու նացիստական ատելություն է արտադրում, ինչը Հայաստանի պետական իշխանությունները չեն անում: Վերջին հաշվով, թուրքերի իրական դեմքի գլխավոր ինդիկատորը, ազգագրագետի խոսքով, ցեղասպանության ճանաչումն է, ինչը թույլ կտա ասել, որ այդ ազգն արդեն առաջնորդվում է քաղաքակիրթ ու համամարդկային արժեքներով: Ինչպես դա արեցին գերմանացիները հրեաների հանդեպ: Իսկ քանի դեռ թուրքական ազգը հսկայական էներգիա ու ռեսուրս է ծախսում աշխարհով մեկ հակառակ քարոզչություն իրականացնելու վրա, ի պաշտպանություն Դինքի փողոց դուրս եկող մի քանի հազարը առանձնակի որակական դեր չեն խաղում: