Հրանտ Դինքի սպանությունից վեց տարի է անցել, մինչդեռ նրանք, ովքեր պետք է պատասխան տային նրա սպանության համար, մինչ օրս ազատության մեջ են. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր Ստամբուլում կազմակերպվելու է երթ դեպի «Ակօս»-ի խմբագրություն' ի հիշատակ հայ լրագրող, մեծ հայրենասեր Հրանտ Դինքի:
«Ընդհանրապես՝ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ աշխարհում կազմակերպվելու են միջոցառումներ, ելույթ են ունենալու շատ ճանաչված մարդիկ: Բոլորն էլ հետևողականորեն պահանջելու են, որ Դինքի սպանությունն անպատիժ չմնա:
Շատ կարևոր եմ համարում հատկապես Ջեմալ փաշայի թոռան ելույթը: Նա Հայոց ցեղասպանության մասին գիրք է հրատարակել, որի կազմին հենց իր նկարն է՝ Ծիծեռնակաբերդում ծնկաչոք ներողություն խնդրելիս: Նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ընդունում է նաև, որ Դինքին սպանել են իր հայ լինելու, Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալելու համար»,-ասաց նա:
Բագրատ Էստուկյանի դիտարկմամբ' հայերը Դինքի կենդանության օրոք այնքան էլ մեծ սեր ու հարգանք չէին տածում նրա նկատմամբ. «Հրանտը մի շատ հետաքրքիր և ըստ իս' շատ ճիշտ գաղափար էր առաջ տանում: Նա ասում էր, որ հայերը չպետք է թուրքերին իրենց թշնամի համարեն, թշնամանքը պետք է լինի միայն ազգայնական որոշ գաղափարների հանդեպ: Չէ՞ որ թուրքերի մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք ամենևին էլ այնպես չեն մտածում, ինչպես իրենց նախնիները: Այս մոտեցումը հայ հասարակության, իշխանությունների, ինչպես նաև շատ այլ քաղաքական գործիչների հավանությանը չէր արժանանում: Եվ շատերն այն ժամանակ նույնիսկ ասում էին, որ Հրանտ Դինքն ուղղորդվում է Թուրքիայի իշխանության կողմից»:
Հարցին' Դինքի սպանությունից հետո հայ հասարակության գիտակցության, հայ-թուրք հարաբերությունների մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է, կարողացե՞լ է արդյոք Հրանտ Դինքն իր համոզմունքները փոխանցել մեզ, Էստուկյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո: Եթե այս հարցը ինձ տայիք մի քանի տարի առաջ, գուցե ես տայի այլ պատասխան, բայց այսօր կարծիքս ամբողջովին այլ է: Ես տեսնում եմ, որ հայերն ու թուրքերը միասին ինչ-որ ծրագրեր են կազմակերպում, եթե ավելի կոնկրետացնեմ՝ ազգի դավաճանություն չեն համարում այն հանգամանքը, որ կարող են թուրքի հետ մի բեմում կանգնել: Դինքն էլ էր այդ գաղափարի կողմնակից: Նա էլ էր ուզում, որ երկու ազգերի միջև թշնամանքը վերանա»:
Բագրատ Էստուկյանի կարծիքով' Հրանտ Դինքի սպանության համար մեղավոր է Թուրքիա պետությունը և ոչ թե կառավարությունը. «Կառավարությունը կարող է ընտրությունների արդյունքում փոխվել, իսկ պետությունը՝ ոչ: Դինքի դատավարությունների ժամանակ նրա իրավապաշտպանները մատնացույց արեցին այնպիսի մարդկանց, այնպիսի գործիչների, որոնց մեղքը հիմնովին ապացուցված էր: Ապացուցված էր այս գործում նաև շատ թուրք պատգամավորների, նույնիսկ ոստիկանության մեղքը, սակայն այդ ամենն առ այսօր չի ապացուցվել»:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը, որը կրում էր սպիտակ գլխարկ, հրազենային 3 կրակոց էր արձակել «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի գլխին և բացականչել՝ գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: