Թուրքիայի հայ համայնքում չկա մի անհատ, ով Հրանտ Դինքի գործի շարունակողը կլինի, բայց համայնքում կա փոքրաթիվ մի խումբ, որը Դինքի գաղափարախոսության ժառանգն է, և փորձում է իր գործունեությունը տանել այդ ուղղությամբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետի կարծիքով, Թուրքիա պետությունը հայատյաց պետություն է, և իր բոլոր կառույցներով ևս մեկ անգամ այս գործի քննության ժամանակ ցույց տվեց իր դիրքորոշումը և բոլոր հայտարարությունները, որոնք արվում են թուրք պաշտոնյաների կողմից եվրոպական կառույցների կողմից ընդունվում են որպես լոկ խոստումներ' առանց որևէ առաջընթացի:
«Միջազգային և՛ մամուլում, և՛ իրավաբանական ծառայություններում Դինքի սպանության գործում հստակ դիրքորոշում կա, որ սպանությունն արվել է էթնիկ հողի վրա' լռեցնելով ազատ խոսքը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Օրերս Թուրքայի Վերաքննիչ դատախազության կողմից Հրանտ Դինքի սպանության տարելիցի նախօրեին արված հայտարարությամբ՝ առ այն, թե Դինքի սպանության գործում դիտավորություն են տեսնում և պահանջ են ներկայացրել գործը վերանայել, ընդամենը հասարակության մեջ կրքերը մեղմելու և եվրոպական կառույցներում ավելի ժողովրդավար երևալու փորձ են կատարել:
«Թուրքական իշխանությունները առնչվում են նույն տրադիցիաներով, ինչ-որ ավելի վաղ Օսմանյան կայսրությունում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: