«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա ամփոփ տեղեկատվությունը.


ՃՏՊ' Այվազովսկու փողոցում. «Սամանդ»-ի 23-ամյա վարորդը տեղում մահացել է

 

ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 16-ին' ժամը 06.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում' «V 91» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Այվազովսկի և Նոր Արեշի 34-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Սամանդ» մակնիշի 34 UA 694 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, վարորդ Մ. Ղ.-ն (ծնվ. 1991թ.) տեղում զոհվել է, իսկ ուղևոր Ք. Մ.-ն (ծնվ. 1994թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, փակել են գազի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

 

***

 

Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ. ՀՔԾ

 

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ի հաղորդմամբ' ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ: 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից իրազեկում է ստացվել Կոտայքի քննչական բաժանմունք այն մասին, որ հիշյալ բաժանմունքում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Գ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն մարմնական վնասվածքներ պատճառել են ՀՀ ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Կգաք, կզբաղվենք. էսօր կամ վաղը. Սերժ Սարգսյանը՝ «Տոնուս»-ի խաբված բնակարանատերերին. news.am

 

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներին, որոնք այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտից հավաքվել էին Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ, մոտեցավ Սերժ Սարգսյանը, որը խոստացավ զբաղվել նրանց խնդրով եւ երկու օրվա ընթացքում պատասխան տալ: Գրում է News.am-ը:

 

«Մենք «Տոնուսի» բնակիչներն ենք, պարոն նախագահ, որոնք 10 տարի խաբված էս վիճակով, ում ասես դիմել են, Ձեզ էլ նամակով մի քանի անգամ դիմել ենք, էս ժողովուրդը չգիտի՝ ում հավատա, ստելով, խաբելով որքա՞ն կարելի է, մենք մե՞ղք չենք, պարոն նախագահ, մեր հույսը դուք եք»,- վրդովված ասաց բնակիչներից մեկը:

 

Սերժ Սարգսյանը հավաքվածներին խնդրեց հանգիստ խոսել. «Մեղադրական տոնով մի խոսեք, դուք մասնավոր պայմանագիր եք կնքել, բնակարանները վերցրել եք»:

 

«Ես չեմ հասկանում, ձեզ առաջին անգամ եմ տեսնում, ի՞նչ եք ասում 10 տարի, կգաք, կզբաղվենք. էսօր կամ վաղը»,-բարկացավ Սարգսյանը:

 

Տոնուս ՍՊԸ-ից խաբված ռուսաստանի քաղաքացի Ելենա Լոգինովան ընդհատեց նախագահին՝ ասելով, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, տուն է գնել «Տոնուսից», սակայն 3 երեխաների հետ այժմ անտուն է մնացել. «Ես «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ եմ, տուն եմ գնել Երեւանում, Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել, ինձ ասացին՝ բարի գալուստ Հայաստան, սակայն ինձ խաբեցին, իմ երեխաները հիմա ապրելու տեղ չունեն, ես խնդրում եմ քայլեր ձեռնարկել»,- Սարգսյանին դիմեց ռուս կինը:

 

Մանրամասները՝ այստեղ:

 

 

 

***

 

 

Առանց մեր մասնակցության, մեր հարցը ոչ ոք չի քննարկելու. Ուկրաինայի ԱԳ նախարար

 

ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Փարիզում ոչ պաշտոնական է եղել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը «Խոսքի ազատություն» հաղորդման շրջանակներում:

«Այս հանդիպումը դեռևս չունի արդյունքներ, քանի որ այն ոչ պաշտոնական է եղել: Դա տեսակետների փոխանակման հանդիպում էր: Ես հեռախոսազրույց եմ ունեցել մասնակիցների հետ, որից պարզ դարձավ, որ այս հանդիպման բոլոր մասնակիցների սկզբունքն էր չքննարկել ոչ մի հարց, նույնիսկ մանրամասներ՝ առանց Ուկրաինայի իշխանության առաջնորդների մասնակցության»,- Կլիմկինի խոսքն է մեջբերում Ուկրաինական РБК հեռուստաալիքը:

Նա նշել է, որ Դոնբասի իրավիճակի քննարկման հարցով արդեն որոշակի ձևաչափեր են մշակվել: «Առանց մեր մասնակցության, մեր հարցը ոչ ոք չի քննարկելու: Ես դա խոստանում եմ»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Փարիզում տեղի է ունեցել Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումն Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկման հարցով: Քննարկման արդյունքները դեռևս հայտնի չեն:

 

***

 

Բաքուն հիստերիայի մեջ է և բողոքի նոտա կուղղի Իսպանիային

 

Բաքվի համար հիստերիայի հերթական առիթն է ստեղծվել. Եվրոպայում նահանգի մակարդակով Արցախի անկախության ճանաչումը ջղաձգումներ է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ: Նրանք բողոքի նոտա են նախապատրաստում Իսպանիայի դեմ' կապված Բասկերի երկրի խորհրդարանում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձևի ընդունման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիևը:

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի դեսպանությունն արդեն հանդիպում է պահանջել Բասկերի երկրի կառավարության ղեկավարի հետ և այժմ ճշգրտվում են ժամկետները: Բացի այդ, Էֆենդիևը հայտնել է, որ դեսպանությունը նամակ է ուղարկելու Բասկերի երկրի նախագահին' բացատրություն պահանջելով:

Բասկերի երկրի խորհրդարանը սեպտեմբերի 12-ին Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել: Սույն բանաձևով Բասկերի երկրի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և նշում, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փոխվստահության ամրապնդման բոլոր միջոցառումների իրականացումը: Խորհրդարանը նաև կոչ է անում կողմերին հետ քաշել բոլոր դիպուկահարներին և ակտիվացնել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները: Բանաձևը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը՝ այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է:

 

***

 

ԱՄՆ-ը առաջին հարվածն է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին

 

ԱՄՆ-ը Բաղդադի մերձակայքում առաջին հարվածն է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշվում է ԱՄՆ օդային ուժերի կենտրոնական ղեկավարության հայտարարության մեջ: Փաստաթղթի մեջ նաև նշվել է, որ Բաղդադի հարավ-արևմուտքի ուղղությամբ հարվածներն առաջինն են և իրականացվել են իրաքյան ուժերի հետ: Բազմաթիվ լրատվամիջոցներ այս հարվածը համարել են ԻԼԻՊ-ի դեմ ուղղված գործողություննեի սկիզբ:

Ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ հարվածելուն, ԱՄՆ-ը գտնում է, որ նման քայլը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին:

Ճապոնիան չի մասնակցի Իրաքում բազմակողմանի հնարավոր ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Նրա խոսքով' Ճապոնիան մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ նրանք առկա են, այդ թվում նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:

 

***

 

 

Պորոշենկոն ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը՝ Գերագույն ռադայի հաստատումից հետո: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եվրոպական խորհրդարանը և Գերագույն ռադան վավերացրել են Կիևի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

Նախօրեին Պորոշենկոն Գերագույն ռադայի վավերացմանն է ներկայացրել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման օրինագիծը:

 

***

 

Քաթարում Էրդողանը հայտնվել է ծիծաղելի վիճակում

 

Պաշտոնական այցով Քաթարում գտնվելու ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է ծիծաղելի վիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով CNNTurk-ը, Քաթարի շեյխ Թեմիմ բին Համադ Ալ Սանիի կողմից պաշտոնական արարողությամբ դիմավորման ժամանակ Էրդողանը ցանկացել է ողջունել իր պատվին շարված զինվորներին: Էրդողանը մոռացել է պրոտոկոլային կանոնները և մի պահ կանգ առել զինվորական շարասյան առաջ, որպեսզի ողջունի նրանց:

Քաթարում պաշտոնական արարողությունների ժամանակ զինվորներին ողջունել նախատեսված չէ: Էրդողանին ծիծաղելի վիճակից փրկել է շեյխ Թեմիմ բին Համադը: Նա Էրդողանին ձեռքով նշան է արել շարժվել առաջ:

 

***

 

Ալիևը համաձայնել է Ֆրանսիայում եռակողմ հանդիպմանը. Ֆրանսիայի դեսպան

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնություն է հայտնել Ֆրանսիայի նախագահի հրավերով Փարիզում հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Haqqin.az լրատվականի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Նա նշել է, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի երկրորդ կեսին: Մոնյեի խոսքով՝ հանդիպման ժամանակ նախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները և հիմնախնդրի խաղաղ լուծման հարցը: Նա համոզմունք է հայտնել, որ Ուելսում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո Փարիզում կայանալիք հանդիպումը շատ կարևոր նշանակություն կունենա:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան անում է ամենը հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար և կարծում է, որ արդեն վաղուց ժամանակն է լուծել այս հարցը»,- ասել է Մոնյեն՝ հերթական անգամ նշելով, որ հակամարտության կարգավորումը կախված է երկու երկրների նախագահներից, իսկ Մինսկի խմբի համանախագահները պետք է միայն օգնեն նրանց խնդրի լուծումը գտնելու հարցում:

 

***

 

Մանվել Գրիգորյանը' Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին 

 

«Ռոբերտ Քոչարյանն իր մտորումների մեջ շատ ազատ մարդ է, այս ազգի մեջ զինվոր է եղել, քաղաքական գործիչ, նախագահ, կարող է շատ բան ուզենա և որոշի, իսկ կվերադառնա, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,- այսօր ԵԿՄ-ում միջոցառման ավարտից հետո ասել է ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը:

 

Մանրամասները՝  1in.am-ի տեսանյութում



***


Կիևում ամբոխն աղբարկղն է նետել Ռադայի պատգամավոր Ժուրակովսկիին


Կիևում Ժողովրդական պատգամավոր Վիտալի Ժուրակովսկիին ամբոխը նետել է Գերագույն ռադայի մերձակայքում տեղակայված աղբարկղի մեջ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

Կռվի մասնակիցները փակել են քաղաքական գործչի ճանապարհը՝ պնդելով, որ նրա նմանների պատճառով մահանում են իրենց եղբայրներն ու ընկերները:

 

***

 

Հրանտ փղին վիրահատելու են. Վրաստան է ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող ատամնաբույժը

 

Հայաստանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Հրանտ անունով փղին սեպտեմբերի 18-ին վիրահատելու են, հատուկ այդ նպատակով Վրաստան է ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող ատամնաբույժ Փիթեր Կերտեսը: Բանն այն է, որ Հրանտը կոտրել է ժանիքները ծնոտոսկրի մոտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիային»:

«Հրանտի ժանիքները կոտրվել են ծնոտոսկրին այնքան մոտ, որ բորբոքային պրոցեսից խուսափելու համար անհրաժեշտ է ժանիքների խոռոչի ամենօրյա ողողում»,- ասված է Թբիլիսիի կենդանաբանական այգու սեպտեմբերի 16-ի հաղորդագրության մեջ:

Փղին չի կարելի երկար ժամանակ թողնել այդ վիճակում, քանի որ օրգանիզմում բորբոքման օջախի մշտական առկայությունը կարող է հանգեցնել կենդանու զոհվելուն:

«Ուստի փղի առողջությունն ու կյանքը պահպանելու համար որոշվել է կատարել վիրահատություն և հեռացնել կոտրված ժանիքները»,-ասված է հաղորդագրության մեջ:

6-տոննանոց Հրանտը Երևանից Թբիլիսի էր տեղափոխվել այս տարվա հունիսին: Ավելի վաղ Թբիլիսիի և Երևանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում իրականացնել». թբիլիսյան Մալկա էգ փղին փեսացու էր հարկավոր: Իսկ նրա վեց տարեկան ձագը՝ Բունկան, Երևան է ուղարկվել Հրանտի փոխարեն:

 

***

 

Ինչու Սերժ Սարգսյանը պատժեց հայր և որդի Հակոբյաններին. համակարգը խժռում է իր զավակներին

 

Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը, որը Վահե Հակոբյանի մտերիմ ընկերներից է, այսօր կայքերից մեկին հարցազրույց է տվել:

Իհարկե, ոմն Տիգրան Կարապետյանի հարցազրույցը այդքան էլ ուշադրության չպետք է արժանանար, եթե չհաջորդեր ընդամենը երկու ամիս առաջ տեղի ունեցած մի իրադարձության, որը նախանշեց Վահե Հակոբյանի քաղաքական ապագան:

Ժամանակին ես անդրադարձել եմ այս թեմային. Գորիսի քաղաքապետի հունիսին կայացած ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել նաև սույն Տիգրան Կարապետյանը, որը, սակայն, վերջին պահին ինքնաբացարկ էր ներկայացրել:

Այդ առիթով ես վերլուծություն էի հրապարակել, որից մի հատված ներկայացնում եմ ստորև. «Մի կողմից Սուրեն Խաչատրյանը կփորձի ի դեմս Ադունցի պահպանել իր դեռևս անսասան իշխանությունը Սյունիքում, մյուս կողմից նորաթուխ մարզպետ Վահե Հակոբյանը աշխատում է մարզը «իրենով անելու» և Սյունիքը հայր-որդի տանդեմի լիակատար իշխանության տակ ներքաշելու ուղղությամբ: Հետաքրքիր է, որ հայր և որդի Հակոբյանները ձեռնոց են նետում ամբողջ համակարգին և խաղում են սեփական խաղը, ինչը Գորիսի ընտրությունները դուրս է դնում զուտ ընտրական պրոցես լինելու երևույթից:

Փաստորեն, Սյունիքի մարզպետը և իր հայրը վա-բանկ են խաղում: Լոկալ, տեղային պատերազմները և պայքարը իշխանության վերաբաժանման համար կարող են վերածվել համակարգային հակամարտության: ՀՀԿ-ի կողմից Ադոնցին սատարումը, ըստ էության, Սերժ Սարգսյանի դիրքորոշման և կամքի արտահայտությունն է: Մարզպետի կողմից սեփական թեկնածուի առաջադրումը, բացի ակնհայտորեն Սուրեն Խաչատրյանին հակադրվելու փորձից, արդեն կարող է դառնալ Սերժ Սարգսյանին ձեռնոց նետելու փորձ:

Իսկ եթե մարզպետ Հակոբյանը, ի դեմս Լիցկայի, պատերազմ է հայտարարել Սերժ Սարգսյանին, դա, այսպես ասած, բժշկական փաստ է: Համակարգը շատ արագ խժռում է իր նմանատիպ զավակներին, և, կներեք արտահայտությանս, չի էլ «բխկում»…»:

Իրադարձությունները, փաստորեն, զարգացան իմ նախանշած սցենարով. Մաքսիմ Հակոբյանը պաշտոնանկ է արված, իսկ որդի Հակոբյանը ուղարկվել է պատվավոր աքսորի՝ ինչ-որ հեռավոր ջրային կոմիտե՝ մարզպետի պաշտոնի համեմատությամբ բավականին «ջրիկ» պաշտոնով:

Եվ ահա, այս իրադարձությունների թանաքը դեռ չչորացած, չկայացած քաղաքապետի թեկնածու Կարապետյանը ուշագրավ հայտարարություններ է արել:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերադարձին, գործարարը պատասխանել է. «Լիսկա թեման ինձ համար լրիվ փակ է, ինքն ո՞վ է, որ ես նրա մասին կարծիք հայտնեմ, կամ ինչ-որ կերպ վերաբերվեմ: Ինձ համար էդ թեման փակ է, ես քաղաքական գործիչ չեմ, ես գործարար եմ, որին Լիսկան չի հետաքրքրում»:

Շառ ռազմաշունչ է հնչում: Բա էն ժամանակ, երբ «վճռական էիր տրամադրված» ու նրա դեմ պայքարելու բոլոր շանսերը ունեիր, ինչու՞ հանեցիր թեկնածությունդ և լքեցիր մարտադաշտը: Թե՞ առավել դյուրին է հոխորտալ կայքերի էջերից, իսկ այն ժամանակ, երբ անհրաժեշտ է իրապես կռիվ տալ՝ ընկերոջդ հետ միասին լքեցիք ընտրապայքարը: Ու եթե իրադարձությունները հետագայում զարգացան հենց իմ կանխատեսած սցենարով՝ պատճառը մինչև վերջ գնալու կամքի բացակայությունն էր:

Նաև այդ անվճռականությունն է պատճառը, որ սիրելի ընկերոջդ խժռեց համակարգի մեքենան: Ու նաև այդ «դուխով» տղերքի պատճառով է, որ այսօր մեր երկրում դիմադրության ուժը հավասարվել է զրոյի:

Շատերը հակադրվեցին իշխանություններին՝ կորցնելով նյութական շատ ռեսուրսներ, սակայն պահպանեցին իրենց դեմքը: Այդպիսի մարդիկ հարգանքի են արժանի հենց վճռականության համար: Բայց դեռ մարտը չսկսված՝ նետել զենքերը և հրամանատարի հետ հեռանալ «մարտի դաշտից» և ռազմաշունչ հոխորտալ կայքերի էջերից՝ կներեք, շատ պրիմիտիվ է:

Վախենամ, որ Ջրային պետական կոմիտեի ջրերը նման դրսևորումների պատճառով սրբեն տանեն «հրամանատարիդ» վարկանիշի մնացորդները…

Վարուժան Բաբաջանյան