«Ակօս» պարբերականի հայազգի խմբագիր Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցին նվիրված միջոցառումը Ստամբուլում մեկնարկել է խմբագրատան շենքի մոտ 15.00-ին՝ ճիշտ այն ժամին, երբ տարիներ առաջ սպանվել էր Դինքը:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, չնայած հորդառատ անձրևին՝ հիշատակի արարողությանը հազարավոր մարդիկ են հավաքվել Շիշլիում և Թաքսիմ հրապարակում:
Հիշատակի ակցիայի ընթացքում հնչել են «Բոլորս Հրանտ ենք, բոլոր հայ ենք», «Ընդդեմ ֆաշիզմի՝ մեր եղբայրն ես, Հրանտ»,«Մարդասպան պետությունը պատասխան է տալու», «Ֆաշիստները ժողովրդի առջև պատասխան են տալու», «Մարդասպաններին թաքցնողները նրանց գործընկերներն են», «Թուրք, քուրդ, հայ… կեցցե ժողովուրների բարեկամություն» և այլ վանկարկումներ:
Հրանտ Դինքի ընտանիքը մասնակցել է նաև թուրք հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդի թաղման արարողությանը:
Վերջինիս որդին՝ Ումութ Բիրանդն ասել է, որ թեև տխուր է, որ հայրը մահացել է, սակայն հպարտ է, որ նրան թաղում են հունվարի 19-ին, երբ Դինքի հիշատակին նվիրված արարողություններ են տեղի ունենում: