«Հրազդան» մարզադաշտում տեղի ունենցավ ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև, որտեղ հաղթանակ տոնեցին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմաված թիմը' 2-0 հաշվով: Հանդիպումն անցավ անմիջական և պարզ մթնոլորտում: Լրագրողների կազմում առաջին գոլի հեղինակ դարձավ Խորեն Թադևոսյանը, իսկ հաշիվը կրկնապատկեց Էդուարդ Քալանթարյանը:

ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող Բաբկեն Մելիքյանը: Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում աջակցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով նշեց, որ Աժ-ն օրինակ պետք ծառայի ժողովրդի համար: «Գաղափարախոսության մեջ լավ կամ վատ խաղալու խնդիրը չէ դրված: Պատգամավորները բավականին զբաղված են և, կարծում եմ, միտում ունենք, որ պատգամավորները մեկ-երկու անգամ մարզումների մասնակցեն: Ինչպես պատգամավորները, այնպես էլ մեր ամբողջ ժողովուրդը պիտի ապրի տոներով, սպորտով և մշակույթով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կածիքով' լրագրողների թիմն իսկապես որ ուժեղ է: «Նրանք ուժեղ են և մարզված: Տարիքային առումով մեզանից բավականին երիտասարդ են: Մենք փորձում էինք արժանապատիվ խաղ ցույց տալ: Այստեղ կարևորը հաշիվը չէ, այլ գեղեցիկ խաղը»,- կարծիք հայտնեց փոխխոսնակը:

Հանդիպմանը հետևում էին նաև ԱԺ պատգամավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ:

ԶԼՄ-ների թիմի մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն էր, ով խաղից հետո փաստեց, որ լրագրողներն առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում: «Տարիքային մեծ առավելություն ունեինք: Թիմի անդամները միմյանց գիտեին: Իհարկե, հաշիվը կարող էր շատ ավելի մեծ լիներ: Կարևորը' գեղեցիկ խաղ ստացվեց' առանց վնասվածքների»,- եզրափակեց Գիլոյանը:

Այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն: