Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին Հայաստանի միանալու պայմանագիրը հոկտեմբերի 10-ին կստորագրվի, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի Մինսկի կամ Աստանայի կողմից: Ֆորսմաժորային իրավիճակ ասելով քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատի ունի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ, այլև Հայաստանի անդամակցությանը դեմ լինելու հարցի բարձրացում: Ըստ Մինասյանի' այս հարցերն առավելապես լծակներ կարող են լինել Մինսկի և Աստանայի ձեռքին, իրենց ծրագրերն առաջ տանելու համար:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սերգեյ Մինասյանը շեշտում է, որ գլխավոր քննարկվելիք հարցը' մաքսակետերի տեղադրումն է: «Հայաստանը բոլոր միջագզային կառույցներին մասնակցել է որպես ՀՀ' իր սահմաններով, բայց դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ մաքսակետեր չեն եղել Հայաստանի և ԼՂՀ միջև: Եթե դիտարկենք ՀՀ-ԼՂՀ հետագա տնտեսական, քաղաքական, ռազմական և այլ ոլորտներում համագործակցությունը, ապա դա կազմում է ընդհանուր տարածք, և Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև չեն կարող լինել մաքսակետեր»,- պարզաբանեց Մինասյանը:

 

Նրա խոսքով' նախ հարցը սկզբունքային է, քանի որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին' նպատակ ունենալով նպաստավոր տնտեսական և ռազմաքաղաքական նոր իրավիճակ ստեղծել ՀՀ և ԼՂՀ-ի համար: «Եթե որևէ խնդիր ստեղծվի, ապա ՀՀ անդամակցության նպատակն իմաստազրկվում է: Չեմ կարծում, որ հետագայում էլ մաքսակետերի հետ կապված խնդիրներ կառաջանան»,- ասաց Մինասյանը: