Ծաղկաձորում, նոյեմբերի 10-ին կկայանա “Armenian Business Meeting” համաժողովը:Լուրեր.com-ը զրուցեց բիզնես-կոնֆերանսի կազմակերպիչ Սեդա Վարդանյանի հետ, ով պատմեց կոնֆերանսին մասնակցելու կարգի, դրա տված հնարավորությունների և այն մասին, թե ինչ մարքեթինգային կարևորություն ունի նման կոնֆերանսը բիզնեսի համար: 


- Ի՞նչ համաժողովի մասին է խոսքը:

 

- Նոյեմբերի 10-ին, Ծաղկաձորում՝ “Golden Palace” հյուրանոցային համալիրում, տեղի կունենա “Armenian Business Meeting” համաժողովը, որին ներկա կլինեն Հայաստանից և արտերկրից 80-ից 100 տարբեր կազմակերպության ղեկավարներ, ովքեր կներկայացնեն իրենց ապրանքանիշը, ապրանքներն ու ծառայությունները, հանդես կգան փոխշահավետ առաջարկներով, որի հիման վրա կստորագրվեն երկարաժամկետ պայմանագրեր: Համաժողովը, որը քաղաքակիրթ վաճառքի նոր ոճ է ներկայացնում, բարձր որակի PR է ապահովում՝ իր հերթին նպաստելով կազմակերպության հետագա զարգացմանը: Համաժողովի բարձր մակարդակն ապահովված է նաև ծրագրի կազմակերպիչների պրոֆեսիոնալության շնորհիվ, որի հիմնական պարտականությունն է միջնորդել կազմակերպություններին՝ գտնելու ընդհանուր շահեր և փոխադարձ համագործակցել միմյանց հետ:


- Ավելի վաղ Դուք նշել եք, որ կոնֆերանսը բացառիկ է լինելու: Ինչո՞վ է տարբերվելու մնացած կոնֆերանսներից կամ բացառիկ լինելու այն:

 

- Այո, խոստացել ենք՝ համաժողովը հագեցած կլինի: Նախ և առաջ մասնակիցները հնարավորություն կունենան 3-ից 5 րոպե գրաֆիկորեն ներկայացնել իրենց ընկերությունը մեծ էկրանին: Դրանից հետո իր ընկերությունը ներկայացրած կազմակերպությունը պատահականության կարգով կընտրի մեկ ընկերություն, որին կապահովի անվճար ծառայություն: Եվ այսպես բոլոր ընկերությունները: Ողջ օրը կանցկացվի մինի ցուցահանդես, որտեղ ընկերությունները կկարողանան օրիգինալ կերպով ներկայացնել իրենց BTL-գովազդը (այցեքարտեր, թռուցիկներ և մարքեթինգային այլ գործիքներ): Հետագայում նախատեսվում է արտասահմանում բարձր որակավորում ունեցող մասնագետի կողմից՝ բիզնեսի կառավարման հմտությունների մասին դասընթաց: Օրվա վերջում տեղի կունենա ճաշկերույթ և երկար սպասված հանգիստ:


- Ինչպիսի՞ կազմակերպություններ կմասնակցեն այս համաժողովին:

 

- Կազմակերպությունների անդամները տնտեսության տարբեր ոլորտներ են ներկայացնում՝ հիմնականում Հայաստանում և արտասահմանում միջին և խոշոր բիզնեսը: Դրանից հետո, երբ կկնքվեն պայմանագրերը և պատրաստ կլինի մասնակիցների վերջնական ցուցակը, մենք պատրաստ կլինենք այն Ձեզ ներկայացնել:


- Ինչպե՞ս եք պատրաստվում կնքել պայմանագիրն ընկերությունների հետ:

 

- Առաջին հերթին պայմանագիրն իրենից հրավեր է ներկայացնում. նշվում են այնպիսի պայմաններ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել համաժողովի ընթացքում, ինչպես նաև մասնակցության համար ընկերության կողմից ներկայացվող վճարման պայմանները: Երևանում մեր ընկերության ներկայացուցիչն այցելում է ընկերություն և ղեկավարների հետ մասնակցության պայմանագիր կնքում:

- Համաժողովին մասնակցությունը վճարովի՞ է և եթե այո՝ որքա՞ն է կազմում վճարը:

 

- Այո, բրենդ-համաժողովը վճարովի ծառայություն է, որի համար պետք է վճարել 70.000 դրամ՝ մինչև հոկտեմբերի 15-ը գրանցվելու դեպքում, եթե գրանցվում են մինչև հոկտեմբերի 25-ը՝ 95 000 դրամ, իսկ եթե մինչև նոյեմբերի 5-ը՝ 120 000 դրամ: Եվ թույլ տվեք ավելացնել, որ վճարումները կատարվում են համաժողովից առաջ, երեք աշխատանքային օրվա ընթացքում, կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով:


- Ինչի՞ մասին են խոսելու ընկերությունները համաժողովի ժամանակ:

- Մասնակցության հաստատումից հետո, էլեկտրոնային փոստով մասնակիցներին ուղարկվում է համաժողովի ծրագիրը և առաջարկվում քննարկման թեման, որպեսզի իրենց խոսքն առավել նպատակային լինի և որպեսզի նրանք հնարավորություն ունենան ամբողջովին և լավագույն կերպով ներկայացնել իրենց ապրանքանիշը:


- Քանի՞ օր կտևի համաժողովը:

 

- Համաժողովը մեկնարկում է նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին և ավարտվում նոյեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին:


- Հնարավո՞ր է արդյոք կազմակերպության ղեկավարից բացի մեկ այլ ներկայացուցչի մասնակցությունը կամ կարո՞ղ են նրանք երկուսով մասնակցել:

 

- Իհարկե, եթե ներկայացուցիչն ունի բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունն այս ոլորտում, ապա այո: Կազմակերպության երկրորդ ներկայացուցչի մասնակցության դեպքում նրանք վճարում են գումարի 80%-ը:


- Ու՞մ կողմից է անցկացվելու համաժողովը:

 

- Համաժողովը կանցկացնեն մարքեթինգի ոլորտում լավագույն փորձագետները, որոնք հայտնի են ՀՀ ամբողջ տարածքում, ովքեր իրենց հերթին կօգնեն ընկերությունների միջև գործարար շփումներ հաստատել:


-Ո՞ր ընկերությունն է ծրագրի կազմակերպիչ հանդիսանում և ո՞րն է Ձեր կարգախոսը:

 

- ''Armenian Business Meeting''-ն իրականացվում է International Media Holding-ի և Global Media Lab-ի տաղանդավոր մարքեթոլոգների շնորհիվ, իսկ մեր կարգախոսն է «100 գործընկեր՝ 1 օրում»: