«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.


«Վնուկովո» օդանավակայանում ինթնառիթը բախվել է ձյուն մաքրող մեքենայի. կա չորս զոհ

 

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Ըստ նախնական տվյալների' օդաղետի հետևանքով զոհվել են մեկ ուղևոր և անձնակազմի երեք անդամներ: Բոլորը Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Ձյուն մաքրող մեքենայի վարորդի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:

Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են չորս զոհվածների դիերը: Մինչ ժամը 01.34-ը «Վնուկովո» օդանավակայանից դադարեցված են եղել բոլոր թռիչքները:

 

***

 

Վնուկովոյում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել Է Total ընկերության ղեկավարը

 

Ֆրանսիական Total կոնցեռնը հավաստել Է ընկերության ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի զոհվելը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հաղորդել Է Agence France-Presse-ը:

 

Ընկերության ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաքում Էր գործուղմամբ: Ընդամենը Dassault Falcon բիզնես-ավիացիայի ինքնաթիռում եղել Է չորս մարդ՝ դը Մարժերին, երկու օդաչուն եւ ստյուարդուհին, որոնք բոլորն Էլ զոհվել են:

 

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Քրիստոֆ դը Մարժերին մասնակցել Է Արտասահմանյան ներդրումներիկոնսուլտատիվ խորհրդի ամենամյա ժողովին՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ:

 

Dassault Falcon բիզնես-ավիացիայի ինքնաթիռը Վնուկովո օդանավակայանից թռիչք Էր կատարում Փարիզ: Վթարի հանգամանքների մասին խոսել առայժմ վաղ Է, բայց ինչպես նշված Է օդանավակայանի կայքի հաղորդագրության մեջ, «թափավազքի ժամանակ Մոսկվայի ժամանակով ժամը 23:57-ին տեղի Է ունեցել բախում օդանավակայանի ծառայության ձնահավաք մեքենայի հետ»:

 

Ձնահավաք ավտոմեքենայի վարորդը չի տուժել: Բայց ինքնաթիռն ամբողջովին այրվել Է եւ մարդկանց փրկել չի հաջողվել: Արտակարգ պատահարի փաստով հարուցվել Է քրեական գործ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

***

 

Մահվան ելքով վրաերթ՝ Արշակունյաց պողոտայում

 

Ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 39-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին' ժամը 09.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեի մոտ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1989թ. ծնված Սուրեն Իսահակյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

 

***

 

Ծաղկաձորյան ռեստորանից փախած արջը տեղափոխվել է անվտանգ տարածք

 

ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 21-ին' ժամը 09.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրում արջը դուրս է եկել վանդակից և գտնվում է ռեստորանային համալիրի տարածքում:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Արջը վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:

 

***

 

Չկա մի քաղաքացի, ով կհավատա, որ մեր դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում. Նաիրա Զոհրաբյան

 

Այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, կա մեկ միլիոնից ավելի աղքատ մարդ, բայց բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ պալատական, ոչ պալատական, կիսապալատական, անկախ….

 

ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն առաջնահերթ իրենց դժգոհությունների շարքում մատնանշում է ոչ թե սոցալական կարգավիճակը, այլ անարդարությունը, կոռուպցիան դատական համակարգում: «Բնական է, որ պաշտպանի զեկույցում կարմիր թելով անցնում է դատարանների ոչ անկախ լինելու թեզը, դա միանգամայն օրինաչափ է, որովհետև չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի քաղաքացի, ով կհավատա, որ մեր դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում, եթե կգտնվի նման քաղաքացի, ապա մենք այդ քաղաքացուն կներկայացնենք Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բացառիկ այլ տրամաբանություն ունեցող քաղաքացի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Պատգամավորը նաև բարձրացրեց Շանթ Հարությունյանի որդու՝ անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ կիրառված դատավճռի հարցը: Ըստ նրա՝ նույնիսկ պայմանական չորս տարի ազատազրկումը տրամաբանությունից դուրս է:

 

***

 

Ֆրանսիայի նախագահը ցավակցություն Է հայտնել Total-ի նախագահի մահվան կապակցությամբ

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցավակցություն Է հայտնել երկրի Total Էներգետիկական կոնցեռնի ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի հարազատներին եւ մերձավորներին, հաղորդել Է Liberation թերթը:

 

«Քրիստոֆ դը Մարժերին իր կյանքը նվիրել Է Ֆրանսիայի արդյունաբերությանը եւ Total խմբի զարգացմանը: Նա այն հասցրել Է աշխարհի բոլոր լավագույն ձեռնարկությունների մակարդակին: Նա մեծ ծրագրեր ուներ Total խմբի համար»,- նշել Է Օլանդը:

 

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել Է, որ Քրիստոֆ դը Մարժերիի մահվամբ երկիրը կորցրեց արդյունաբերության «հրամանատարին»:

 

«Ֆրանսիան կորցրեց ընկերության ականավոր ղեկավարին, որը Total-ը վերածեց համաշխարհային հսկայի»,- մեջբերում Է France-Presse գործակալությունը վարչապետի հայտարարությունից, որում նա զոհվածին համարում Է հայրենասեր, «արդյունաբերության զորահրամանատար» եւ իր բարեկամը:

 

Falcon թեթեւշարժիչավոր ինքնաթիռը կործանվել Է ՌԴ-ի մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում, նախնական վարկածով՝ ձնահավաք մեքենայի հետ բախվելուց հետո. զոհվել Է չորս մարդ, որոնց թվում եղել Է Ֆրանսիայի Total նավթի-գազի կոնցեռնի ղեկավար Քրիստոֆ դը Մարժերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք

 

Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:

 

Բացահայտվել է գողության 4, ավազակային հարձակման և խարդախության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

 

***

 

Ստամբուլում խլում են հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը

 

Ստամբուլի Զեյթինբուռնու շրջանի գործադիր իշխանությունը որոշել է հանրային զբոսայգու վերածել հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցին պատկանող 8660 քառ.մ տարածքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Yurt թերթը:

 

Թերթը նշում է, որ հայկական հիվանդանոցի հոգաբարձուները դեմ են հանդես եկել իշխանությունների այդ որոշմանը եւ փորձելու են նրանց հետ պահել այդ մտքից:

Ըստ թերթի' հիշյալ տարածքը ֆինանսական տեսակետից մեծ արժեք է ներկայացնում:

 

Ստամբուլում գտնվող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցը համարվում է Թուրքիայի լավագույն բուժհաստատություններից մեկը: Այդտեղ բուժում են անցնում նաեւ Թուրքիայի իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

***

 

Էբոլա տենդից 4555 մարդ է մահացել. ԱՀԿ

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ կոմիտեն հոկտեմբերի 22-ին քննարկելու է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի համաճարակի հետ կապված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին Ժնեւում լրագրողներին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ֆադելա Շայբը:

 

Նրա խոսքով՝ արտակարգ կոմիտեի՝ սեպտեմբերին կայացած վերջին նիստից հետո «շատ բան Է տեղի ունեցել»: «Հիվանդանալու դեպքեր են գրանցվել Իսպանիայում եւ ԱՄՆ-ում: Միեւնույն ժամանակ հայտարարվել է Նիգերիայում եւ Սենեգալում Էբոլա մահացու վիրուսի բռնկման վերացման մասին»,-նշել Է նա:

 

Շայբի խոսքով՝ նիստում, որը կդառնա թվով երրորդը եւ ավանդույթի համաձայն կանցկացվի տեսակապի ռեժիմով, կորոշվի՝ «վերջին իրադարձությունների լույսով գոյություն ունի արդյոք նոր հանձնարարականների անհրաժեշտություն»: Մինչ այդ առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալության փորձագետները դեմ են արտահայտվել այն երկրներ միջազգային ուղեւորությունների եւ նրանց հետ առեւտրի սահմանափակմանը, որտեղ Էբոլա վիրուսի բռնկում Է դիտվել:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին Գվինեայում հիվանդության բռնկման պահից սուր վիրուսային ինֆեկցիայի զոհ Է դարձել 4555 մարդ, վարակված են 9216-ը: Գործնականում մահվան եւ վարակման բոլոր դեպքերը բաժին են ընկնում արեւմտաաֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:

 

ԱՄՆ-ում երեք մարդ Է վարակվել վիրուսով, նրանցից մեկը մահացել Է, Իսպանիայում վիրուսը հայտնաբերվել Է միայն մեկ մարդու մոտ: «Նիգերիայում գրանցվել Է մահվան ութ եւ վարակման քսան դեպք, իսկ Սենագալում հիվանդացել Է մեկ մարդ: Վերջին երկու երկրներում հիվանդության բռնկումը վերջնականապես ավարտված Է հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

***

 

Գինեկոլոգիայի բաժանմունքում կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ է հարուցվել

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով' Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2014 թվականի հոկտեմբերի 09-ին' ժամը 10:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրում ահազանգ էր ստացվել, որ «Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել:

 

Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ին, «Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքում մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերած Նելլի Մկրտչյանը:

 

Պարզվել է նաև, որ Ն.Մկրտչյանը 2014թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերել է վիրահատական ճանապարհով, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է:

 

Նկատի ունենալով, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 

Կատարվում է նախաքննություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

***

 

Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. տուժել է 3 մարդ

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 21-ին' ժամը 10.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին' Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 37-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 30 OS 706 պ/հ (վարորդ' Հ. Մ., ծնված 1974թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 US 926 պ/հ (վարորդ՝ Է. Հ., ծնված 1957թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հանդամասում:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ՀՓՋ-ի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Այվազյանը «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել ուղևորներ Է. Ս.-ին (ծնված 1990թ.), Ա. Ս.-ին (ծնված 1947թ.) և Մ. Ս.-ին (ծնված 1949թ.), հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Ուղևորներ Մ. Ս.-ն և Է. Ս.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

 

***

 

Սեյրան Օհանյանը Մարտական դրոշ հանձնեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զրահատանկային գումարտակին

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 21–ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամիավորումներում: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Սեյրան Օհանյանն այցը սկսեց Վահան գյուղի սահմանամերձ զորամասից, որտեղ նա ծանոթացավ զինվորների առօրյային ու կենցաղային պայմաններին, զրուցեց զինվորների եւ հրամանատարների հետ: Նախարարի այցն առավել հագեցած ստացվեց Սոթքի սահմանամերձ զորամասում, որտեղ նա մասնակցեց զորամասի նորոգված եւ բուժսարքավորումներով հագեցած բուժկետի բացմանը եւ Մարտական դրոշ հանձնեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդն կորպուսի զրահատանկային գումարտակին, որին զորամիավորումն արժանացել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

 

Նորաբաց բուժկետի ժապավենը կտրելուց, հագեցվածությանը ծանոթանալուց եւ բուժանձնակազմի հետ զրուցելուց հետո Սեյրան Օհանյանը շրջեց զորամասի այն հատվածներում, որտեղ ընթանում են հիմնանորոգման կամ վերակառուցման աշխատանքներ: Ապա սկսվեց պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

 

Ողջունելով գումարտակի սպայական անձնակազմին եւ զինվորներին' նախարար Սեյրան Օհանյանը հանդիսավոր պայմաններում գումարտակի հրամանատարությանը հանձնեց Մարտական դրոշը: Ապա նա ելույթով դիմեց պարգեւատրված զորամասի սպաներին եւ զինվորներին. «Հարգարժան սպաներ, ենթասպաներ եւ զինվորներ, հարգարժան մարզպետ, շնորհավորում եմ բոլորիդ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զրահատանկային գումարտակին' Մարտական դրոշ հանձնելու կապակցությամբ:

 

Այն պետք է բոլորիս կողմից հիշվի որպես պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ, իսկ մենք պետք է հավատարիմ լինենք այն փառահեղ ավանդույթներին, այն հերոսական ճանապարհին, որ մենք անցել ենք Արցախյան գոյամարտի սկզբից եւ Հայոց բանակի կազմավորումից ի վեր:

 

Եվ այսօր մենք մեր բանակի զինծառայողների շնորհիվ է, որ կարողանում ենք ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Սեյրան Օհանյանը: Նախարարը նաեւ հավաստիացրեց, որ մեր բանակը շարունակում է տարածաշրջանում մնալ որպես մրցունակ եւ հաղթական բանակ' միաժամանակ մասնակցելով միջազգային խաղաղարար գործընթացներին: Սակայն մեր բանակի գլխավոր խաղաղարար առաքելությունը Կովկասյան տարածաշրջանում է, որի զսպիչ գործողությունների շնորհիվ մեր հակառակորդի զավթողական կամ պատերազմի հրահրման բոլոր փորձերը դատապարտվում են ձախողման:

 

Մարտական դրոշով պարգեւատրված զրահատանկային զոսրամասի անցած մարտական ուղին եւ ձեռքբերումները ներկայացրեց նույն գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Էդիկ Գալոյանը: Զինվորական պատվո շքերթի ընդունումից հետո նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի եւ նրա մեջ մտնող առանձին զորամիավորումների հրամանատարների հետ խորհրդակցություն անցկացրեց մի շարք հարցերի շուրջ:

 

Խոսրով Խլղաթյան

 

***

 

Վրաերթ Դավիթաշենում. տուժածին օգնել են պատգամավորի հարազատներն ու ախտորոշման կենտրոնի աշխատակիցները (տեսանյութ)

 

Այսօր` հոկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևանի բնակիչ Սեդրակ Պողիկյանը Դավիթաշեն կամրջից դեպի Տիգրան Պետրոսյանի արձան ընկած ճամապարհահատվածում` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի տան հարևանությամբ, իր վարած Меrcury մակնիշի 32 ԼՏ 543 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգՆություն է ցուցաբերել հետիոտնին' ում, մինչև շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն էին ցուցաբերում ԱԺ պատգամավոր Ա. Գևորգյանի տան անդամներն ու “Դավիդյանց լաբորատորիաներ” ախտորոշման կենտրոնի աշխատակիցները:

 

Շարունակությունն` այստեղ: