Աֆղանստանում ափիոնի կակաչի բերքը 2013 թվականին հասել է ռեկորդային մակարդակի, չնայած թմրաբիզնեսի դեմ պայքարում Վաշինգտոնի գործադրած բոլոր ջանքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում:

 

Միացյալ Նահանգները 13 տարում 7,6 միլիարդ դոլար է ծախսել՝ փորձելով Աֆղանստանում կրճատել ափիոնի կակաչի ցանքերը: Այդ միջոցները տրամադրվել են ինչպես թմրանյութերի դեմ պայքարի կազմակերպմանը, այնպես էլ կակաչ բուծող աֆղան գյուղացիներին ցույց տրվող ֆինանսական օգնությանը, որոնց այդ կերպ խթանել են անցնելու գյուղատնտեսական այլ արտադրանքի:

 

Չնայած դրան, 2013 թվականին Աֆղանստանում ափիոնի կակաչի տնկարկները կազմել են 209 հազար հեկտար:

 

ՄԱԿ-ի տեղեկությունների համաձայն՝ այդ բերքի արժեքը կազմում է գրեթե 3 միլիարդ դոլար: Դա 50 տոկոսով ավելի է, քան 2012 թվականին:

 

«Աֆղանստանի շատ նահանգներում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացման և կակաչի տնկարկների ոչնչացման աշխատանքի ցածր մակարդակի ֆոնի վրա 2014 թվականին կարելի է սպասել կակաչի ափիոնի արտադրության հետագա աճ»,- հայտարարել է Աֆղանստանի վերակառուցման նախագծերի հատուկ տեսուչ Ջոն Սոպկոն, հաղորդել է BBC-ն: