Տավուշի մարզում շատ են տաղանդավոր երեխաները, ովքեր, ելույթ ունենալով տարբեր հարթակներում, հաջողությունների են հասնում՝ չնայած առկա բոլոր նյութական դժվարություններին և բավականին բարդ շենքային պայմաններին: Այս մասին հոկտեմբերի 31-ին Նոյեմբերյանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում, շրջանի երաժշտական դպրոցների աշխատակիցների և տնօրենների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ մշակույթի ն ախարար Հասմիկ Պողոսյանը:
Շրջայց կատարելով երաժշտական դպրոցում և ականատես լինելով անմխիթար շենքային պայմաններին՝ Հասմիկ Պողոսյանը խոստացավ անհապաղ միջամտել խնդրի լուծմանը: Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցան քննարկումներ մի շարք սահմանամերձ շրջանների երաժշտական դպրոցների ղեկավարների հետ, ովքեր բարձրաձայնեցին աշխատավարձերի, շենքային պայմանների և նմանատիպ խնդիրների մասին:
«Պետական հատվածով բոլոր ծրագրերն արդեն ներմուծվել են պետբյուջե, ինչ վերաբերում է մի քանի ուղղությունների, որոնք մինչ վերջերս կատարելագործված չէին. դրանք են՝ երաժշտական դպրոցների նյութատեխնիկական բազայի սղությունը և ՊՈԱԿ-ների աշխատավարձերը: Դրանց վերաբերյալ շարունակում են կատարվել աշխատանքներ: Նյութատեխնիկական բազա ասելով' նկատի ունեմ երաժշտական գործիքները և շենքային պայմանները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում Պողոսյանը Մշակույթի նախարության անունից պատվոգրերի արժանացրեց Տավուշի մարզի' երկարամյա մշակութային դասավանդման գործունեություն իրականացնող ուսուցիչների:
Հանդիպման ավարտին ելույթ ունեցան Նոյեմբերյանի շրջանի երաժշտական դպրոցների սաները: Հանդես եկող երեխաներից ամենափոքիկը Գյումրիի «Վերածնունդ» փառատոնի դափնեկիր, կլարնետահար Գրիշա Կիրակոսյանն էր: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի երրորդ դասարանի աշակերտն ամեն անգամ դասերին մասնակցելու համար մայրիկի հետ ստիպված է Թովուզից գյուղից գնալ Նոյեմբերյան:
Այդ առիթով երեխայի մայրիկը խնդրանքով դիմեց Հասմիկ Պողոսյանին՝ երեխայի ուսման բեռը հնարավորության սահմաններում թեթևացնելու համար, քանի որ պատանի երաժիշտը սովորում է պետպատվերի շր ջանակներից դուրս: Համեգից հետո տղայի կատարումով տպավորված Հասմիկ Պողոսյանը խոստացավ հնարավորության չափով օգնել: