Գերմանական Ֆրեդրիշաֆեն քաղաքի ուսումնարանի դասագրքում հայտնված ծաղրանկարը դիվանագիտական սկանդալի պատճառ է դառնում Թուրքիայի և Գերմանիայի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ենի Շաֆաք» գործակալությունը, գերմանական դասագրքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրքական համայնքին վիրավորող ծաղրանկարի համար Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոլին և բացատրություն է նրանից պահանջել:
Արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են, որ անընդունելի են համարում նման ծաղրանկարի առկայությունը հասարակագիտության դասագրքերում և այն համարում են խիստ վիրավորական Թուրքիայի նախագահի և Գերմանիայում թուրքական համայնքի նկատմամբ: ԱԳՆ-ից նշել են, որ ծաղրանկարի առկայությունը խոսում է գերմանական պետությունում խտրականության աճի մասին: «Ժողովրդավարության անվան տակ իրականացվող մարդու իրավունքների խախտումները, հասարակության մեջ օտարի հանդեպ ատելության սերմանումը և զգացնել տվող իսլամաֆոբիան ժողովրդավարության որևէ աղերս իր ենց մեջ չեն պարունակում»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից: Թուրքիայի ԱԳՆ-ի այս բողոքը փոխանցվել է Անկարայում Գերմանիայի դեսպանին:
Երկու երկրի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ դարձած ծաղրանկարն առաջին անգամ տպագրվել է 2011 թվականին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում: Այնուհետև այն արտատպվել էր Գերմանիայի Բադեն-Վյուրտենբերջ վարչական շրջանի հասարակագիտության դասագրքերում: Գերմանական հասարակությանը թուրքերի ինտեգրման 50 տարվան նվիրված ծաղրանկարում պատկերված էր շուն, որն ուներ Էրդողան անունը: