Հայաստանում տնային տնտեսությունների շուրջ 16 տոկոսը դրամական փոխանցումներ է ստանում արտերկրից: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: Համաձայն ԿԲ տվյալների' 2008 թվականից սկսած ինչպես քաղաքաբնակ, այնպես էլ գյուղաբնակ տնային տնտեսությունների ամսական դրամական եկամուտներում մշտապես աճել է մասնավոր տրանսֆերտների մասնաբաժինը և ներկայումս տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով կազմում է շուրջ 9 տոկոս:

 

ՀՀ ֆինանսական կայունության տեսանկյունից արտերկրից ստացվող ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները կարևոր նշանակություն ունեն: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ դրամական միջոցներն անմիջական ազդեցություն ունեն առանձին տնային տնտեսությունների կենսամակարդակի, ծախսումների, վարկունակության վրա, հետևաբար նաև մակրոտնտեսական և ֆինանսական կայունության վրա:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրամական փոխանցումներ/ ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 0.4 տոկոսային կետով և կազմել 16.8 տոկոս' պայմանավորված դրամական փոխանցումների ցածր աճի տեմպով: Այսպես, արտագնա աշխատողների վարձատրությունը և անձնական ընթացիկ տրանսֆերտներն աճել են ընդամենը 7.4 տոկոսով' նախորդ տարվա 14.8 տոկոսի փոխարեն:

 

Դանդաղ տեմպով է աճել նաև բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվող ոչ առևտրային զուտ դրամական միջոցների ներհոսքը: 2014 թ. առաջին կիսամյակում աճը կազմել է 3.1 տոկոս, 2013 թ. առաջին կիսամյակում' 10.5 տոկոս:

 

Վերոնշյալ ցուցանիշների աճի տեմպերի դանդաղումը գլխավորապես պայմանավորված է ՌԴ-ից ստացվող փոխանցումների աճի տեմպի նվազմամբ, ինչի հիմնական պատճառներն են 2014թ. առաջին կիսամյակում շինարարության ճյուղի 2.6 տոկոս անկումը և ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու 11.3 տոկոս արժեզրկումը: Չնայած որոշակի նվազմանը' ՌԴ-ից ներհոսող փոխանցումների մասնաբաժինն ընդհանուր փոխանցումներում շարունակում է մնալ բավականաչափ բարձր (81.2 տոկոս), ինչն էլ իր հերթին մեծացնում է ՀՀ տնտեսական խոցելիությունը ՌԴ ոչ առևտրային բնույթի փոխանցումներից:

 

Հաշվի առնելով ՌԴ տնտեսության վերաբերյալ միջազգային կառույցների գնահատումները' Հայաստանի կենտրոնական բանկը 2014 թ. ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների աճի տեմպի կանխատեսվող մեծությունը վերանայել է նվազման ուղղությամբ և գնահատել 1.0-3.0 տոկոս միջակայքում: Այսպիսով, ֆինանսական կայունության տեսանկյունից, թեև դիտարկվող ժամանակահատվածում ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների աճը նպաստել է տնային տնտեսությունների հատվածից բխող ռիսկերի նվազմանը, սակայն հետագայում փոխանցումների աճի տեմպի դանդաղման պահպանումը կարող է նպաստել այդ հատվածից բխող ռիսկերի աճին: