Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն և Հայ ազգային կոնգրեսը հայտարարեցին այս ընտրություններում նախագահի սեփական թեկնածու չառաջադրելու և առաջադրվածներից ոչ մեկին չպաշտպանելու մասին, ակնհայտ դարձավ, որ հանրապետության առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն առժամանակ լքում են բեմահարթակը:
Քաղաքական գործընթացների ու վերադասավորումների գեներացման կախարդական փայտիկը մնաց բացառապես երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի ձեռքին, ով կարողացավ նրանց հաղթել երկուսի համեմատ էլ գրեթե պարտվողական դիրքերից: Այսպիսով, 5 տարի հասարակական-քաղաքական զարգացումները հունավորող, քաղաքական դաշտն ամբողջությամբ եռաբևեռ դարձրած, այսպես կոչված, «նախագահական բերմուդյան եռանկյունին» փլուզվեց, և դրան գոնե նախագահական այս ընտրությունների կտրվածքով փոխարինելու եկավ սերժսարգսյանական միակ «ճառագայթը»:
Ըստ էության, սա բոլորովին նոր, ընդ որում չափազանց քաոսային քաղաքական իրականություն է, քանի որ սերժսարգսյանական այս «ճառագայթը» հավակնում է դաշտը վերադասավորել ոչ թե դասական «իշխանություն-ընդդիմություն», այլ «իշխանություն և մնացածներ» սխեմայով: Որքան կտևի այս իրավիճակը, ինչպես կազդի այն քաղաքական համակարգի վրա, առայժմ դժվար է ասել:
Ամեն ինչ կախված է մեկ հիմնական հանգամանքից. արդյոք նախկին երկու նախագահները ընտրություններից հետո վերստին կմտնե՞ն իշխանության համար կուլիսային մրցակցության մեջ, թե՞ վերջնականապես ազատ թողնելով իրենց այդ հետաքրքրություններն սպասարկող քաղաքական ուժերին՝ նրանց հնարավորություն կտան դառնալու հարաբերականորեն ինքնուրույն խաղացողներ:
Նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այս իմաստով առավել քան միարժեք էր: Նա խաղից դուրս է գալիս գրեթե վերջնականապես՝ հղում անելով նախագահական մրցավազքի հետ իր տարիքի անհամատեղելիությանը: Սա այն բացատրությունն է, որը հետդարձի, մանևրումների տեղ չի թողնում:
Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրը երկուսն էր: Նախ, նրան չհաջողվեց իր ինքնամեկուսացումն ապահովել բավականաչափ սահուն և անցնցում կերպով, որպեսզի չվնասի իր հոգեզավակը հանդիսացող ՀԱԿ-ի ամբողջականությանը: Եվ հիմա Տեր-Պետրոսյանն ստիպված ուղղակի կողքից հետևում է Կոնգրեսի ինքնափլուզմանը՝ թերևս փորձելով տպավորություն թողնել, որ դա տեղի է ունենում անկախ իր կամքից, և որ անզոր է կանխելու այդ անխուսափելի գործընթացը:
Երկրորդ, նրան չհաջողվեց ժառանգորդ հասունացնել և չհաջողվեց հենց այն պատճառով, որ չկարողացավ ձերբազատվել ՀԱԿ-ում առկա բազմաթիվ հավակնությունների, բաժանարարների զսպման, միավորողի միակ գործոնը լինելու իր կարգավիճակից: Մի կողմից ինքը չցանկացավ, մյուս կողմից իրեն այդ հնարավորությունն ուղղակի չտվեցին: Այդ մթնոլոտում չափազանց դժվար էր նման ժառանգորդ ի հայտ բերելը: Այնպես որ, կարելի է եզրակացնել, որ Տեր-Պետրոսյանը ակտիվ, նախաձեռնողական քաղաքականությունից հեռանում է անվերադարձ:
Ռոբերտ Քոչարյանի առումով ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Իր տված վերջին հարցազրույցում նա առավել քան թափանցիկ ակնարկում է, որ խաղից դուրս է եկել՝ ընդամենը մարտավարական նկատառումներից ելնելով, և որ տանուլ է տվել ոչ թե պատերազմը, այլ ընդամենը ճակատամարտը: Սակայն Քոչարյանի մարտավարության մեջ տեղի է ունեցել մի շատ էական փոփոխություն. ինքը փաստացի հրաժարվում է գործող նախագահի դեմ հետագա առճակատումից և առաջարկում իշխանության՝ միմյանց փոխանցելու, այսպես կոչված, էստաֆետային եղանակը՝ խաղարկելով «երկու ղարաբաղցու» ֆենոմենը:
Անշուշտ, այս փոփոխությունը պայմանավորված է հենց Տեր-Պետրոսյանի, ավելի ճիշտ նրա վերջնական հեռացման մեջ համոզվածության գործոնով: Իր հեռանալով Տեր-Պետրոսյանը Քոչարյանին փոքր-ինչ ազատ շնչելու հնարավորություն է տալիս: Արդեն իսկ պարզ է, որ Սերժ Սարգսյանի դեմ ԲՀԿ-ի չափավոր ճնշումները պայմանավորված էին հենց «երկու ղարաբաղցու» կուլիսային միասնության թիկունքում զգացվող Տեր-Պետրոսյանի շնչառությամբ:
Սակայն ինքնին այն փաստը, որ Քոչարյանը խուսափեց նախագահական աթոռի համար մղվող պայքարում ուղղակիորեն ներգրավվելուց և որ արդեն իսկ չափավոր շանտաժի փոխարեն փորձում է գործածել կոմպրոմիսի մեթոդաբանությունը, թույլ է տալիս եզրակացնել, որ ինքը սերժսարգսյանական իշխանության մեջ իրեն նախկինի պես բավականաչափ ամուր չի զգում՝ իշխանական կոնյուկտուրայում կորցնելով նախկին ազդեցիկ ռեսուրսները:
Այս իմաստով ամեն ինչ կարծես թե սկսում է կախված լինել ոչ թե իրենից, այլ Սերժ Սարգսյանից: Եթե նա որոշում է Քոչարյանին չդիտարկել որպես իշխանության ժառանգորդի, ապա Քոչարյանի վերադարձի հնարավորությունները չափազանց նվազում են, եթե չասենք՝ վերանում են ընդհանրապես: Միակ ճանապարհը, որով փոխանցումավազքով առաջնորդվելու իր առաջարկի վերաբերյալ Սերժ Սարգսյանից մերժում ստանալու պարագայում կարող է նման փորձ կատարել, մնում է ԲՀԿ-ում արմատական փոփոխություններ կատարելու և իշխանություներից նրա կախվածությունը չեզոքացնելու միջոցով ուղղակիորեն գործընթացի մեջ մտնելը: Բայց դա արդեն դուրս է լինելու «երկու ղարաբաղցու» հայեցակարգից:
Սերժ Սարգսյանի համար «անխոցելի» և միջազգային հանրության կողմից միանշանակորեն ընդունվելիք ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է նաև այս իմաստով: 2013-ի ընտրությունները նրա համար, այն էլ էական ու բովանդակային մրցակցության բացակայության պայմաններում, լրջագույն հնարավորություն է՝ վերջապես ստեղծելու իր և միայն իր մոնոլիտ իշխանությունը: Այնպիսի իշխանություն, որտեղ անգամ օլիգարխիան, կորցնելով իշխանության վրա ներգործելու առ այսօր ունեցած ու անխնա շահագործած ռեսուրսը, ինքն է հայտնվում Սերժ Սարգսյանի գերիշխանությունից կախվածության մեջ:
Ըստ էության, նախաահական այս ընտրություններով ի հայտ է գալիս զարգացումների և քաղաքական դաշտի վերաձևման երկու հնարավոր սցենար. քաղաքականություն առանց Քոչարյանի և քաղաքականություն Քոչարյանով: Երկրորդի պարագայում քաղաքական համակարգն անխուսափելիորեն կրկին սկսելու է կատարել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի սպասարկման գործառույթը: Առաջինով որոշակի հնարավորություններ են պահպանվելու նոր քաղաքական համակարգ ձևավորելու համար, եթե իհարկե, քաղաքական ուժերը դեռևս վերջնականապես չեն կորցրել ռեաբիլիտացվելու ներուժը:
Այս պարագայում ընտրություններից հետո քաղաքական դաշտում անխուսափելիորեն ինքնահաստատվելու հրամայականի առջև հայտնված քիչ թե շատ գերիշխող ուժերի հիմնական մարտահրավերը մնալու է Սերժ Սարգսյանի՝ քաղաքական դաշտն անապատացնելու քաղաքականության հաղաթահարումը: Մինչդեռ նախագահական ընտրությունները ծաղրածուներին, քաղաքական թոշակառուներին, հավեժ պարտվողներին ու ինքնահաստատման բարդույթից չձերբազատվողներին թողնելով, ընտրությունների ընթացքի վերահսկման գործառույթից փաստացի հրաժարվելով՝ այդ ուժերը չափազանց կարևոր հենման կետ կորցրին: