Եռյակի քաղաքական դիրքորոշումների մասին արձագանքները հանրային ընկալումների մեջ մեծ չեն: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Լրատվամիջոցներն իրենք են փորձում մեծ արձագանք ստեղծել այդ դիրքորոշումների հետ կապված: Լրատվական հոսքերն են, որ փորձում են թեժ և կարևոր պահել այդ թեման, որն ունի ընթացիկ քաղաքական նշանակություն' որպես Հայաստանի Հանրապետության ներսում ժողովրդավարության շրջանակներում ծավալվող գործընթաց»,- «Արմենպրես»-ի հաղոդմամբ' ընդգծեց նա:
Անդրադառնալով եռյակի՝ թեժ աշնան մասին հայտարարություններին՝ նա նկատեց, որ ինքն ամենասկզբից է ասել, որ քաղաքական իմաստով Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա լրջագույն ազդեցություն կարող է ունենալ բացառապես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: «Թեժ աշունը քաղաքական կատեգորիա է, որի համար անհրաժեշտ է ունենալ անհրաժեշտ ներուժ:
Ես չեմ զարմանա, որ տարվա բոլոր եղանակների հետ կապված մեր գործընկերները պարբերաբար փորձեն սիմվոլիկ գեղարվեստական կերպարներ ստեղծել, որպեսզի կարողանան նման տեսլականներով երկարացնել այն քաղաքական գործընթացը, որը մեկնարկել է»,- նշեց Աշոտյանը:
Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թուրքական թերթին Շառլ Ազնավուրի հետ հարցազրույցի մասին տեղեկությունը հերքել է ընդամենը «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ Աշոտյանը խորհուրդ տվեց չթերագնահատել սոցիալական ցանցերը՝ որպես տեղեկատվության միջոց: