Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղը պատրաստ է ընդունել սիրիահայ 12 ընտանիքի, եթե նրանք, թեկուզ ժամանակավորապես, Ծափաթաղում բնակվելու ցանկություն ունենան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը, ինքն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել այն սեփականատերերի հետ, ովքեր իրենց բնակարաններն օգտագործում են որպես ամառանոց՝ տարվա մեկ կամ երկու ամիսների ընթացքում և բնակվում են արտերկրում: Նրանք տվել են իրենց համաձայնությունն առ այն, որ սիրիահայերը կարող են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարաններում բնակվել առանց վարձի, անժամկետ, մշակել իրենց պատկանող այգիներն ու հողամասերը և իրացնել ստացված եկամուտը»:

 

Իսկ եթե կլինեն վերաբնակված սիրիահայեր, ովքեր կցանկանան մշտական բնակություն հաստատել Ծափաթաղում, մենք պատրաստ կլինենք նրանց անհատույց տրամադրել տնամերձ հողամասեր և միջոցներ որոնել՝ բնակարաններ կառուցելու համար:

 

Այդ նպատակով նախնական զրույց ենք ունեցել Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ գործարար Կարեն Մկրտչյանի հետ: Կարծում եմ, որ սիրիահայերին աջակցող բարերարներ կգտնվեն, իսկ մեր համայնքը շատ կողմերով կարող է գրավիչ լինել մշտական բնակության համար, քանի որ այստեղ սիրիահայերը կարող են աշխատանք գտնել տուրիզմի, սպասարկման, գյուղատնտեսության, վարձու աշխատանքի, ամենատարբեր այլ ոլորտներում:

 

 

Ամեն դեպքում մեծ է համայնքի մշտական բնակչության կազմը համալրելու մեր ցանկությունը: Ես արդեն համագործակցում եմ այն կազմակերպությունների հետ, ովքեր զբաղվում են սիրիահայության վերաբնակեցման խնդիրներով»,- նշեց համայնքի ղեկավարը: