Թուրքիայում կառավարության հայտարարած «զուգահեռ կառույցի» դեմ երկրի 8 նահանգներում անցկացված գործողությունների շրջանակում ձերբակալվել են 17 ոստիկաններ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Գործողություններն անցկացվել են Ստամբուլում, Քոջաելիում, Դիարբեքիրում, Էդիրնեում, Սվազում, Բիթլիսում, Գյումուհանեում եւ Արդահանում: Ձերբակալվածների մեջ կան ոստիկանական բաժանմունքների պետեր եւ տեղակալներ: Մանավորապես, ձերբակալվել է նաեւ Քոջաելիի ոստիկանապետ Լեւենթ Յարըմելը:
Թուրքիայում «զուգահեռ կառույցի» դեմ գործողությունները սկսվել են անցյալ դեկտեմբերի կեսերին երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում' այն ժամանակ վարչապետ, ներկայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները: Այն ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:
Թուրքիայում «գյուլենական համայնք» համարում են «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետեւորդներին: Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնահասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող «գյուլենական համայնքը» Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:
Անցյալ դեկտեմբերից մինչ այժմ Էրդողանի հրահանգով Թուրքիայի ամբողջ տարածքով մեկ անցկացված «մաքրման» գործողությունների արդյունքում 500-ից ավելի անվտանգության մարմինների աշխատակիցներ, իրավաբաններ, փաստաբաններ, լրագրողներ եւ հասարակական գործիչներ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են «պետության դեմ գործողությունների մեջ»: