Բաքվում ցնցված են հունական DESFA գազափոխադրման ընկերության մասն Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) վաճառքի գործարքը դադարեցնելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի ընդունած որոշումով: Եվրահանձնաժողովը կասկածի տակ է առել այդ գործարքի օրինականությունը: Մասնավորապես, Եվրամիության հակամենատիրական գերատեսչությունը հայտնել է, որ գործարքի վերաբերյալ համապատասխան ստուգումներ են սկսվել: Եվրոպացի չինովնիկների մոտ կասկած է առաջացել, որ նման գործարքի արդյունքում Հունաստանի գազային շուկայում մրցակցությունը կնվազի: Գերատեսչությունը հարցի հետ կապված որոշումը պետք է ընդունի 2015 թվականի մարտի վերջին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրահանձնաժողովն իր նախնական վճռում նշել է, թե իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ SOCAR-ը կարող է սահմանափակել այլ աղբյուրներից գազի հոսքը Հունաստան, եւ, այդպիսով, խախտելով մրցակցության սկզբունքը, կարող է գերազանցություն ստանալ այլ ընկերությունների նկատմամբ: Այդ ուսումնասիրությունների համաձայն' SOCAR-ը կարող է խանգարել Հունաստանի գազատարներ այլ ընկերությունների գազի մուտքը, քանի որ դա շահավետ չի լինի ադրբեջանական ընկերության համար : Իսկ դա իր հերթին կնվազեցնի Հունաստան գազամատակարարների թվաքանակը, ինչը կբերի գազի թանկացմանը:

 

Անցյալ տարվա վերջում Աթենքում պայմանագիր էր ստորագրվել SOCAR-ի կողմից DESFA-ի 66 տոկոս արժեթղթերը ձեռք բերելու մասին: Պայմանագրի շուրջ ստորագրված փաստաթղթերը պետք է ուժի մեջ մտնեն Եվրահանձնաժողովի էներգետիկայի եւ համակմենատիրական քաղաքականության գծով գլխավոր տնօրենների կառույցի հաստատումից հետո: Հունաստանի կառավարությոընը հավանության էր արժանացրել DESFA-ն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործարքը: Սակայն, այժմ SOCAR-ը, որն արդեն մեկ տարի սպասում է գործարքի մեկնարկին, Եվրահանձնաժողովի պատասխանը ստանալու համար ստիպված է սպասել եւս կես տարի, ինչը լրացուցիչ ծախսեր է պահանջում:

 

Եվրահանձնաժողովի այդ որոշումը Ադրբեջանում տնտեսականից ավելի քաղաքական են համարում' կապելով դա այդ երկրում խոսքի ազատության, մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ իրավապաշտպանների դեմ սկսված բռնաճնշումների հետ: