Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում իրականացված շաբաթօրյակին և ծառատունկին ներգրավված էին նաև Երևանի կայազորի մի շարք զորամասերի զինծառայողներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ: Նախաձեռնությանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակում այս անգամ ևս նախաձեռնությանը միացել էին Երևանի կայազորի մի շարք զորամասերի զինծառայողներ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Խանփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտների կուրսանտներ: Զինծառայողները, բաժանվելով տարբեր խմբերի, կանաչապատման, բարեկարգման և մաքրման աշխատանքների էին իրականացնում Երևանի և քաղաքին մերձակա տարբեր վայրերում:

 

Միջոցառման շրջանակում Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում իրականացվող ծառատունկին մասնակցել են պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով նախաձեռնությունը, Սեյրան Օհանյանը հավաստել է, որ բանակը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել նմանաբնույթ միջոցառումներին: