Գյումրիում առաջին անգամ անցկացվող InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումի շրջանակներում համատեղ ծրագրեր կներկայացնեն հայ և թուրք երիտասարդները: «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդ» մրցույթի շրջանակներում Գյումրիում հայ և թուրք երիտասարդ ձեռներեցները կփորձեն մշակել համատեղ գաղափարներ, իսկ վաղն այդ գաղափարները կներկայացվեն ժյուրիին:

 

Ծրագիրն իրականացնում են Հայաստանից «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը, իսկ թուրքական կողմից՝ Tepav հիմնադրամը: Նախաձեռնությունն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Սեդա Մուրադյանը «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդ» մրցույթի մասնակիցներին հնարավորություն է տրված միմյանց հետ կիսվել բիզնես-գաղափարներով, միավորվել նույն գաղափարի շուրջ ու մշակել այդ գաղափարները զարգացնելու մեթոդներն ու քայլերը: Ի դեպ, գաղափարների իրականացումը հնարավոր է նոր տեխնոլգիաների կիրառմամբ:

 

Քննարկման արդյունքում ընտրվել է լավագույն 10 գաղափար, որոնց շուրջ էլ ձևավորվել են թիմերը: «Նման ձևաչափով անցկացվող միջոցառումն առաջինն է՝ Հայաստանում նմանատիպ ծրագիր դեռ չի եղել: Ընդհանրապես առաջին անգամ է, որ երկու երկների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները միմյանց հետ շփվում են այդպիսի ձևաչափի շրջանակներում»,-նշեց Սեդա Մուրադյանը՝ ավելացնելով, որ ծրագրին մասնակցելու համար Թուրքիայից հրավիրված է 30 մասնակից և՛ որպես ձեռներեց, և՛ որպես ժյուրիի անդամ:

 

Հայ և թուրք երիտասարդ ձեռներեցների համատեղ թիմերը իրենց գաղափարները ժյուրիին կներկայացնեն նոյեմբերի 9-ին: Այս ընթացքում նախագծի հատուկ հյուրերը իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ՝ ներկայացնելով ներդրումները սթարթափերում, ապրանքատեսակի գովազդում, գաղափարների խթանում և այլ հարցեր:

 

Արմենուհի Մխոյան