Ապագա զինվորը հայրենի երկրի սահմանը պաշտպանելու գիտակցում պետք է ունենա փոքր հասակից: «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, մատաղ սերնդի մեջ հայրենասիրության դաստիարակությունը կարևորելով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, Գյումրիում իրականացնում է «Պատրաստված զինվոր՝ մարտունակ բանա կ» ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի պատասխանատու Սիրակ Եղիազարյանը ծրագրի շրջանակում դպրոցներում իրականացվում է սեմինարների, քննարկումների, հանդիպումների շարք, կազմակերպվում են նաև հայրենասիրական ֆիլմերի դիտումներ: Ծրագրի ամենահետաքրքիր բաղադրիչներից մեկը ազատամարտի վետերանների հետ հանդիպումներն են, որոնց ընթացքում Արցախյան հերոսամարտի մասնակիցները աշակերտներին պատմում են դրվագներ հերոսամարտից: Ի դեպ, նմանօրինակ միջոցառումները ողջուն վում են և՛ ծրագրի մասնակիցների, և՛ այն դպրոցների տնօրենների կողմից, որոնք ընդգրկվում են ծրագրում:
«Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 1-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: Արդեն հետաքրքիր հանդիպումներ և սեմինարներ ենք ունեցել Գյումրու թիվ 1, 18,10 և 27 դպրոցներում: Ծրագրի շրջանակում, բացի դպրոցներում նախատեսված հանդիպումներից, աշակերտներին կտանենք նաև Գյումրիում տեղակայված զորամասեր, «Արցախյան ազատամարտի պատմության» թանգարան, իսկ ծրագրի ավարտին նախատեսված է այց Եռաբլուր պանթեոն և Երևանի ռազմական ինստիտուտ»,-նշեց Սիրակ Եղիազարյանը:
Թեև ծրագիրը կարճաժամկետ է, բայց պատասխանատուները վստահ են, որ ծրագրի կարևորությունը հաշվի առնելով, այն կունենա շարունակություն: «Այս ծրագիրը ոչ միայն ժամանակի պահանջն է, այլ նաև շատ կարևոր՝ ապագա զինվորների համար»,-ավելացրեց «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Խաչատրյանը:
Արմենուհի Մխոյան