Սեղանին դրված է նախագիծ, ըստ որի՝ ընդամենը երկու նախարարություն միավորվում է իրար, մեկը՝ ավելանում է: Պլյուս մեկ, մինուս մեկ… Ընդհանրապես հարկատուների բեռը թեթևացնելն ու կառավարությունը փոքրացնելը նորմալ գործընթաց է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Վերջինիս կարծիքով՝ պարզապես տրամաբանությունը պետք է հասկանալ: «Օրինակ ինչի՞ է մեզ պետք Սփյուռքի նախարարությունը, եթե կա Արտաքին գործերի նախարարություն, որը լիարժեք կարող է զբաղվել այդ հարցերով»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե իր կարծիքով Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարությունը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համար:
Հարցին, թե կադրային սո՞վն է նախարարությունների միավորման պատճառը, նա պատասխանեց. «Նախարարությունների քանակը, սպասարկող կազմը, մեքենաների շքեղ թիվը մնում է նույնը: Եթե սով է, եկեք բոլորին ազատենք, թող լինի մեկ նախարար… Կլինի՝ աշխարհի ամենալավ տղա նախարար ու կզբաղվի բոլոր գործերով: Էլ ի՞նչ ենք անում Ներքին գործերի նախարարություն, թող լինի՝ Գործերի նախարարություն, որը կզբաղվի բոլոր գործերով՝ ներքին, արտաքին… Սովն այդպես կարելի է հաղթահարել»:
Հարցին՝ տեսնո՞ւմ եք՝ «լավ տղա» նախարարին, նա պատասխանեց. «Լավ տղերքին հարցրեք… Եթե տեսնեի՝ մաս կկազմեի»: