Ադրբեջանի խորհրդարանական լրագրողների ասոցիացիան թուրքական ԶԼՄ-ներին հղած դիմումում «ափսոսանք» է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցվելու վերաբերյալ թուրքական առաջատար հեռուստալիքներով մեկնաբանությունների առթիվ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով oxu.az-ը, ադրբեջանցի լրագրողներին դուր չի եկել, որ թուրքական ԶԼՄ-ներն իրենց հաղորդագրություններում օգտագործել են «ԼՂ բանակ», ԼՂ զինված ուժեր» եզրույթները' դրանով ԼՂ-ն ներկայացնելով անկախ պետություն:
Ադրբեջանցի լրագրողները նաեւ դժգոհել են, որ Թուրքիայում չեն զարմացել ԼՂ օդային տարածքում հայկական ուղղաթիռների թռիչքներով: Ադրբեջանցի լրագրողները թուրքական ԶԼՄ-ներին խնդրել են ներկայացնել «հավաստի» տեղեկություններ:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյհեմբերի 12-ին' ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:
Ադրբեջանի ԶՈւ կողմից սադրիչ այդ միջադեպը դատապարտել են ՀՀ ԱԳՆ-ն, ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀԱՊԿ-ն: