Եվրասիական տնտեսական միության ինտեգրման գործընթացները դրական ազդեցություն կարող են ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ավելի արագ կարգավորման վրա:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նոյեմբերի 13-ին ԵՊՀ-ում կայացած «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց բելառուսցի փորձագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լև Կրիշտապովիչը:

 

«Թեև Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական կառույց է, այն ամրապնդում է նաև Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությունը: Եվ ինտեգրացիոն գործընթացները դրական ազդեցություն կարող են ունենալ հակամարտությունների կարգավորման ոլորտում, այդ թվում' Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ավելի արագ կարգավորման վրա»,- ասաց Կրիշտապովիչը:

 

Համաժողովի նպատակն էր ուսումնասիրել ԵՏՄ-ի կայացման փուլում միության առջև կանգնած տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները:

 

Քննարկմանը մասնակցել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոսներ, փորձագետներ Ռուսաստանից, Ղազախստանից ու Բելառուսից, ովքեր ներկայացրեցին իրենց հետազոտությունները: