Հայաստանում բարձրագույն կրթությունն այսօր ավելի մատչելի է և հասանելի, քան 10 տարի առաջ: Այս մասին ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նոյեմբերի 14-ին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը' պատասխանելով երիտասարդների հարցերին: Նախարարը նկատեց, որ նման փաստը դրական ցուցանիշ է համարում:

 

«Նախկինում բարձրագույն կրթությունը համարվում էր էլիտար երևույթ, այն հասանելի էր նեղ թվով մարդկանց, որոնք ունեին ֆինասնական միջոցներ կամ խելք, խոսքը վերաբերում է հատկապես արևմտյան երկրներին: 1990-ականներից հետո եվրոպական տարածքում սկսվեց բարձրագույն կրթության մասսայականացում: Այսօր այն զանգվածային է դարձել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

 

Նախարարի խոսքով՝ Հայաստանում էլ է մասսայական դարձել բարձրագույն կրթությունը: «Կրթության առաքելությունը միայն ձեզնից ապագա գրասենյակային աշխատողներ և աշխատուժ ստանալը չէ: Ես կտրականապես մերժում եմ այդ տեսակետը: Կրթության առաքելությունը նաև մարդու զարգացման հնարավորությունն է: Դու կարող ես սովորել ինժեների, տնտեսագետի մասնագիտությունը, բայց չաշխատել, և դա չի նշանակում, որ իզուր ես սովորել: Լավ կլինի, որ յուրաքանչյուրը գտնի իր տեղն աշխատաշուկայում, բայց վատ չէ, որ կարողացել ես ինքնակրթվել և սովորել, ձեռք բերել հմտություննե ր: Եթե մարդն իր մասնագիտությամբ չի աշխատում, ողբերգություն չէ»,-նշեց նախարարը:

 

Արմեն Աշոտյանի խոսքով՝ զանգվածային կրթությունը բուհերը դարձրել է կայուն հաստատություններ: «Ես ուրախ եմ, որ մեծ քանակությամբ երիտասարդներ սկսում են մտածել՝ արդյո՞ք արժե գնալ և դառնալ հերթական բժիշկ, տնտեսագետ, իրավաբան: Գուցե սալի՞կ խփել, որն ավելի թանկ է գնահատվում, քան ուսուցչի գործը: Սա էլ ռացիոնալ ընտրության հարց է: Ես չեմ տեսել մի ուսանողի, ով ցանկանա սովորել և չկարողանա: Երբ ինձ ասում են՝ Հայաստանի բուհերը վատն են, մտածում եմ, որ ոլորտից չեն հասկանում: Եթե մեր բուհերը շատ վատն են, ապա չպետք է լավ կադրեր ունենան»,-հավելեց նախարա րը:

 

Նախարարի խոսքով՝ ինքը տեղյակ է, թե բուհերում ինչ է կատարվում և ինչու: Սակայն չկա դեպք, երբ ուսանողը ցանկություն ունենա և չկարողանա սովորել:

 

Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ նախարարությունը շարունակելու է բարձրագույն կրթությունը հասանելի դարձնել: