Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզադահլիճում ուժերը չափեցին քաղաքական գործիչների, պաշտոնյաների և ուսանողների ֆուտբոլի թիմերը:
«Մեզ համար սա ավանդական միջոցառում է: Ընկերական այս խաղով ցանկանում ենք խրախուսել առողջ ապրելակերպը երիտասարդության շրջանում: Հենց մեր օրինակով մենք ցանկանում են վարակիչ դառնալ: Սա յուրահատուկ և առանձին ծրագիր է, որը ներառված է ուսանողության և երիտասարդության տոների ցանկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս շեշտեց, որ նմանատիպ հանդիպումները կազմակերպվում են երիտասարդության մեջ սպորտի նկատմամբ սերը խթանելու համար: «Մենք ամեն ինչ անելու ենք չպարտվելու համար, թեպետ այսօր այստեղ ոչ թե հաղթելու կամ պարտվելու համար, այլ առողջ ապրելակերպի խթանումը»,- շեշտեց Շարմազանովը:
Երկար և անզիջում պայքարում հաղթեցին պաշտոնյաները' 6-5 հաշվով:
Քաղաքական գործիչների թիմում էին Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Հովսեփյանը, Վարդան Արամյանը, Հովհաննես Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Հրայր Թովմասյանը և Կարեն Ավագյանը: Ուսանող-երիտասարդների ֆուտբոլային թիմում խաղացին բուհերի ուսանողական խորհուրդների նախագահները և անդամները:
Հանդիպումը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդկան կազմակերպությունը' Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ: