Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը խորհուրդ է տալիս «Ժառանգություն» խմբակցության իր գործընկերներին ստիպել Ադրբեջանին ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգավորը նաև շեշտեց, որ ինքը դա կհամարի հայրենասիրություն:
«Ազգային ժողովում շաբաթը հագեցած էր, սկսեցինք Զարուհի Փոտանջյանի առաջարկած որոշման նախագծի քննարկումով' ուղղված Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը: Այս հարցը բազմիցս արծարծվել է, Հանրապետականն իր հստակ դիրքորոշումը հայտնել է, բայց «Ժառանգություն» խմբակցությունը նույն ձևով փորձում է հարցը շահարկել: Մեզ համար անընդունելի է այն փաստը, որ պատվերով հայրենասիրություն են խաղում»,- նշեց Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով' հարցը քննարկման չի ընդունվում, քանի դա ժամանակավրեպ է: «Դա կողմերին որևէ առավելություն չի բերի, բացի հակասությունների ավելացումից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց պատգամավորը' հավելելով, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը խիստ բացասական կանդրադառնա բանակցային գործընթացի վրա:
Գագիկ Մելիքյանն անդրադարձավ նաև զորավարժությունների ժամանակ ադրբեջանական կողմից արցախյան անզեն ուղղաթիռի խոցմանը: «Վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում ես համարում եմ Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման գործընթաց, որը մեծ հարված էր Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքին, Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպումներում ձեռք բերված արդյունքներին»,- ընդգծեց պատգամավորը' ավելացնելով, որ այդ հանդիպումների ժամանակ հայկական կողմը բավական հաջողություններ է գրան ցել, որը Ադրբեջանին դուր չի եկել:
«Ադրբեջանը ցանկանում է ուշադրությունը սևեռել իր վրա ու հարցը պահել տաք վիճակում»,- հայտնեց նա' շեշտելով, որ կգա հատուցման պահը, որը կլինի համարժեք ու մի բան էլ ավելին:
Պատգամավորը համոզված է, որ պատերազմ չի լինելու, հայկական բանակը ապացուցել է իր հզորությունը, որի ապացույցն էլ զորավարժությունների ավարտին ՀՀ Նախագահի ելույթն է: