Արաբական աշխարհը Թուրքիայի իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւս մեկ հարված է հասցրել: Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Թուրքիայում եւ միջազգային ասպարեզում Էրդողանի պաշտպանած «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ortasayfa.net լրատվական կայքը:

 

ԱՄԷ-ի կողմից անցյալ շաբաթ օրն ընդունված ցուցակում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն», «Ալ Կաիդա» եւ «Մահմեդական եղբյարներ» ահաբեկչական կազմակերպությունների կողքին նշվել են նաեւ Եմենում շիա ապստամբներ «Հուսի» շարժումը, Նիգերիայում արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» եւ Լիբիայում ու Թունիսում ակտիվ «Անսար ալ Նուսրա» կազմակերպությունները:

 

ԱՄԷ-ի կառավարության կողմից հաստատված ահաբեկչական ցուցակում ընդգրկված են 80 խմբավորումներ: ԱՄԷ-ի մամուլում տեղ գտած հաղորդագրությունների համաձայն' այդ կազմակերպություններին աջակցությունը կամ էլ նրանց հետ որեւէ կապը պատժելի է:

 

Եգիպտոսի կառավարությունը դեռ անցյալ դեկտեմբերին էր «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը ահաբեկչական հայտարարել:

 

Թուրքական մամուլը բազմիցս հայտնել էր, որ Էրդողանն ակտիվորեն աջակցել է «Մահմեդական եղբայրներին», երբ Եգիպտոսի նախագահը վերջիններիս ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին էր: Եգիպտոսում Մուրսիին պաշտոնաթող անելուց հետո Թուրքիայի եւ այդ երկրի միջեւ հարաբերությունները խիստ լարվել են: