Ադրբեջանում պետական մակարդակի հասցված հայատյացությունը հասել է զավեշտի: Այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամանլըն իշխանություններից պահանջել է պատժել Բաքվում թուրքական Mado ռեստորանի սեփականատիրոջն այն բանի համար, որ այնտեղ հնչել է ազգությամբ հայ աշխարհառչակ երգչուհի Շերի' Շերիլին Սարգսյանի Believe երգը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով vzglyad.az-ը, Բաքվի ռեստորանում հայի կատարմամբ երգ հնչելու իրողությունը «ցնցել է» հայատյաց ադրբեջանցիներին, որոնք աղմուկ են բարձրացրել համացանցում: Ադրբեջանցի պատգամավորը՝ գերազանցելով իր վայրենի համաքաղաքիցների բարձրացրած վայնասունը, հայտարարել է. «Նման դեպքերում շատ կարևոր է հասարակական կարծիքը: Այդ ռեստորանը պետք է տուգանվի: Մարդիկ պետք է բոյկոտեն այդ ռեստորանը և այնտեղ չմտնեն»:
Պատգամավորի խոսքով' «հայի կատարմամբ երգ հնչեցնելն ավելի վատ է, քան հայ լինելը»: Նա ասել է, որ այդ կերպ վնաս է հասցվում «Ադրբեջանի ազգային նկարագրին»:
«Ռեստորանի սեփականատերերը չպետք է մոռանան, որ գործում են Ադրբեջանում, և նման պահվածքը կարող է լուրջ պատժամիջոցների հանգեցնել»,- հայտարարել է նա: