Համացանցում տեսանյութ է տեղադրվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի 6-ամսյա նախագահությունը Բելգիային փոխանցվելու արարողության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Youtube-ում այդ մասին տեսանյութը տեղադրվել է «Ստրասբուրգի նվագախումբը Ադրբեջանի հիմնը կատարել է որպես թաղման քայլերգ» վերնագրով:
«2014 թվականի նոյեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի նախարարաների կոմիտեում նախագահությունը Ադրբեջանից Բելգիային փոխանցելու ժամանակ Ստրասբուրգի նվագախումբն Ադրբեջանի հիմնը կատարել է որպես թաղման քայլերգ», -մեկնաբանել է տեսանյութի հեղինակը:
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը հայտնել է, որ երեկ Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է անցկացվել, որին մասնակից միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալներին եւ իրավապաշտպաններին: Նրանք ձեռքներին պարզել են Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի եւ Ինթիգամ Ալիեւի դիմանկարները:
Այսօր Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նմանատիպ բողոքի ակցիա է անցկացրել նաեւ Իրավապաշտպանների եւ լրագրողների հասարակական կազմակերպությունների կոալիցիան: Նրանք ձեռքներին հարյուր վառված մոմեր են բռնել' ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանների:
«Ազադլըգ»-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում գործող «Platform-London», «Index on Gensorship» եւ այլ ազդեցիկ միջազգային կազմակերպություններ որոշել են Մեծ Բրիտանիայում ինքնատիպ բողոքի ակցիաներ անցկացնել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի իշխանության հետ համագործողների դեմ:
Հիշյալ կազմակերպությունները ծրագրել են այդ կարգի մի քանի բողոքի ակցիաներ անցկացնել նոյեմբերի 18-ին' Ադրբեջանում նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր BP ընկերության գրասենյակի դիմաց, նոյեմբերի 19-ին' Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության դիմաց, նոյեմբերի 20-ին' Եվրապայի վերակառուցման եւ զարգացման բանկի գրասենյակի դիմաց, նոյեմբերի 21-ին' Միջազգային օլիմպիական կոմիտեի շենքի դիմաց: