Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոյեմբերի 18-ին այցելել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 800 սաների առջև:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Զրուցելով աշխատակիցների ու դպրոց հաճախող երեխաների ծնողների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր կրթամշակութային օջախներում: Քաղաքապետը նաև հավելել է, որ աստիճանաբար լուծում է ստանում գույքի թարմացման խնդիրը, ինչը ևս կլինի շարունակական:
Երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանն էլ իր հերթին նշել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների համար:
«1949թ. հիմնադրված դպրոցը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և պարապմունքների համար պայմաններն իսկապես հեռու էին բավարար լինելուց: Եվ այսօր կրթօջախների պայմանների բարելավման ուղղությամբ Երևանի քաղաքապետի կողմից տարվող ծրագրային հստակ այս քաղաքականությունն իսկապես ողջունելի է և շատ կարևոր քայլ է մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար»,- նշել է Անահիտ Գևորգյանը:
Տարոն Մարգարյանն ունկնդրել է նաև դպրոցի սաների կատարումները: