Ադրբեջանցի քաղբանտարկյալ, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի փաստաբանները մտադիր են դիմել դատարան և բժշկական քննություն պահանջել իրենց պաշտպանյալի առողջականի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը'վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, փաստաբանները դրանով փորձելու են հասնել այն բանին, որ փոխվի Ինթիգամ Ալիևի խափանման միջոց հանդիսացող կալանքը:
Իրավաբաններ Էլթոն Գուլիևը և Ջավադ Ջավադովը նոյեմբերի 18-ին այցելել են իրենց պաշտպանյալին: Նրանք ընդգծել են, որ թեպետ Ինթիգամ Ալիևը կարողացել է ինքնուրույն շարժվել, իսկ խոսքն էլ կանոնակարգված է եղել, սակայն ձերբակալությունն ու մեկուսարանում պահվելը բացասաբար են ազդել նրա առողջականի վրա: Բացի այդ, քաղբանտարկյալն անքնություն ունի, ինչը ևս բացասական է ազդում նրա վրա:
Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին: Նրա դեմ առաջադրվել են տարբեր մեղադրանքներ, ինչպիսիք են անօրինական ձեռներեցությունը, հարկերը վճարելուց խուսափելը և պաշտոնական դիրքի չարաշահումը: Ինթիգամը հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը նրան ճանաչել է որպես քաղբանտարկյալ: