«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը կմեկնի Անկարա, որտեղ Թուրքիայի իշխանությունների հետ կքննարկի խմբավորման դեմ պայքարին ուղղված համատեղ քայլերը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»'վկայակոչելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեին:
«Ջոն Ալենը մեկնել է Անկարա, որտեղ կհանդիպի թուրքական կառավարության հետ և կքննարկի միջազգային կոալիցիայի ջանքերը՝ «Իսլամական պետությանը» դիմակայելու հարցում»,- ասել է Ռատկեն:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Անկարայում անցյալ շաբաթ ավարտվել է սիրիական ընդդիմադիր Ազատ բանակի մարտիկներին պատրաստելու մասին բանակցությունները:
Լրագրողների տվյալներով՝ խոսքը Քըրշեհիր նահանգում 2000 զինվորի վերապատրաստման մասին է: Զենք-զինամթերքի մեծ մասը տրամադրել է ԱՄՆ-ն, որը նաև հոգում է նրանց կրթության ծախսերն ու իր ռազմական խորհրդականներին ուղարկում է զինյալներին պատրաստելու:
«Տարածաշրջանում մեր գործընկերները՝ հատկապես Սաուդյան Արաբիան և Թուրքիան, օգնություն են առաջարկել սիրիական ընդդիմությանն աջակցելու հարցում: Ենթակառուցվածքներ ստեղծելու համար ժամանակ կպահանջվի, սակայն ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ պաշտպանության նախարարությունից»,- ասել է Ռատկեն:
Նրա խոսքով՝ Անկարա այցից հետո Ալենը կլինի նաև Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, որտեղ կխոսի կոալիցիայի գործողությունների մասին: