ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանդիպել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանին և նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին:

 

Այցի նպատակն էր ներկայացնել ՀՀ փաստաբանական դպրոցի՝ որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտի հնարավորությունները և առաքելությունը: Դպրոցի տնօրենը ռեկտորի և ուսանողների հետ քննարկել է ՀՀ-ում փաստաբանության առջև կանգնած մարտահրավերները և խնդիրները:

 

Սիմոն Բաբայանը, մասնավորապես, ընդգծել է փաստաբանի դերն ու կարևորությունը մեր հասարակության մեջ և արագ փոփոխվող աշխարհում՝ նշելով, որ յուրաքանչյուր իրավական հարցում փաստաբանի խորհուրդը կամ իրավական գիտելիքներին տիրապետումը կարող է հիմք հանդիսանալ անձին արդարացնելու կամ խնդրի լուծման իրավական ամենակարճ ճանապարհը ցույց տալու համար:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև իրավաբանների մասնագիտական կողմնորոշման և փաստաբանի գործունեության մասին հիմնահարցերը, որտեղ կարևորվել է փաստաբանի դերը Արցախի պետականության կայացման գործում:

 

Սիմոն Բաբայանն ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ դիմորդների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունելության հատուկ կարգը, ըստ որի գործում է հեռավար ուսուցման կարգ, դիմորդներն ազատված են ընդունելության քննության մասնակցության վճարից, ԼՂՀ դիմորդները վճարելու են ուսման վարձի 50 տոկոսը, յուրաքնանչյուր հոսքի ընդունելության ժամանակ տրամադրվում է անվճար 2 տեղ: