Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի կենտրոնում երկու տղամարդու՝ Ռ.Հակոբյանին և Գ.Մելքոնյանին միջին և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

 

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում։ Երևանի Սայաթ-Նովա 15 հասցեի մոտ մի քանի անձ վիճաբանության ժամանակ ծեծել են Ռ.Հակոբյանին և Գ.Մելքոնյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նախաքննության ընթացքում ստացվել է նշված հասցեում գործող տեսախցիկի տեսագրությունը, որից փորձաքննությամբ առանձնացվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց լուսանկարները:

 

Կոմիտեն խնդրում է լուսանկարում պատկերված անձանց ինքնության կամ գտնվելու վայրի տեղեկություններ ունենալու դեպքում հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: