Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այցելել է Թունջելի (Դերսիմ), որտեղ 1937-1938 թվականներին մեծ թվով ոչ թուրք բնակչություն է սպանվել: Քաղաքի բնակչությունը Դավութօղլուի այցի դեմ բողոքի ցույց է կազմակերպել: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը' նշելով, որ Դավութօղլուն Դերսիմ էր ժամանել իր գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նահանգային համագումարին մասնակցելու համար:
Ցուցարարները Դավութօղլուին թույլ չեն տվել այցելել քաղաքապետարան: Նրանք ցրվել են ոստիկանների կողմից արցունքաբեր գազ կիրառվելուց հետո: Արցունքաբեր գազից տուժել են նաեւ մոտակայքում գտնվող դպրոցի աշակերտները: Որոշ ժամանակ անց ցուցարարները կրկին հավաքվել են Դավութօղլուի այցելելիք վայրերում:
Դավութօղլուի' Դերսիմ այցի պատճառով շրջակա քաղաքներից 1500-ից ավելի ոստիկաններ են բերվել քաղաք, անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկվել եւ փակվել որոշ փողոցներ:
1937-1938 թվականներին Աթաթուրքի անմիջական հրահանգով թուրքական կառավարությունը Դերսիմի անհնազանդ ոչ թուրք բնակչության կոտորած է կազմակերպել: Որոշ տեղեկություններով, այդ ժամանակ գազանաբար սպանվել են ընդհանուր թվով 100 հազարից ավելի քրդեր, հայեր, ասորիներ, ալեւիներ: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ' այդտեղ տեղավորված հայերը Դերսիմում երկրորդ ցեղասպանության են ենթարկվել: Դերսիմի ներկայիս բնակչությունը թուրքական կառավարությունից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել իրագործած կոտորածների համար: