Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին, բոլորը նրան մեղադրում էին միանձնյա որոշում կայացնելու համար: Թեև այն օրերին էլ ակնհայտ էր, որ մեղադրողների մոտիվացիան ոչ թե բովանդակության մեջ էր պետք փնտրել, այլ մի բանի, որը դժվար է քաղաքական համարելը:

 

Խոսքը՝ սովորական նախանձի մասին է: Սարգսյանի իշխանության ներքին քննադատները ցավում էին, որ Պուտինին սիրաշահելու «պատմական առաքելությունը» կատարեցին ոչ թե իրենք, այլ Հայաստանի գործող նախագահը:

 

Ինչևէ, քննադատներն այսօր հրաշալի առիթ էին ստացել, որպեսզի ներկայանային խոհրդարան, որտեղ լսումներ էին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով:

 

Բայց ընդդիմախոսներից միայն «Ժառանգությունն» էր եկել, իսկ Եռյակի լոկոմոտիվ ԲՀԿ-ի ու գաղափարական ավանգարդ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չկային ու չկային:

 

Խոհրդարանում քննարկվում էր Հայաստանի զարգացման տեսանկյունից ամենաառանցքային հարցը, ու լսումները բացահայտեցին, որ մեր երկրում ընդդիմություն չկա: Համենայն դեպս, Եռյակ կոչվածը, որն իրեն համեստորեն «համաժողովրդական շարժում» է անվանում, բացակա էր: Ընդդիմության դերը ստանձնել էին պատգամավորներ, փորձագետներ, որոնց Լևոն Տեր-Պետրոսյանը փաղաքշորեն «մարգինալ» է կոչել:

 

Դե, եթե մի երկրում ոչ որակով իշխանություն կա ու ոչ էլ իրական ընդդիմություն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մակարդակ կունենան լսումների որակը, բովանդակությունը:

 

Հույս ունեի, որ գոնե անդրադարձ կլինի ԵՏՄ-ին անդամակցելու երեք հարթություններին՝ քաղաքական, անվտանգության ու տնտեսական:


Ինքնիշխանության խնդիրը գեղեցիկ շրջանցվեց. փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ցանկացած միավորման անդամակցության դեպքում պետությունն իր սուվերենության որոշակի մաս օտարում է: Միանգամայն ճիշտ է, սակայն՝ տեսության մակարդակում:

 

Օրինակ, նույն Եվրամիությունում պաշտոնական է համարվում 23 լեզու, ինչո՞ւ ԵՏՄ-ում նման կարագավիճակ ունի միայն մեկը՝ ռուսերենը: Կամ՝ ինչպե՞ս հասկանալ, որ ԵՏՄ-ի Բարձրագույն հանձնաժողովում մյուսներն ունեն երեք լիարժեք, իսկ Հայաստանն՝ ընդամենը մեկ ձայնի իրավունք: Այս հարցերը, բնականաբար, շրջանցվեցին:

 

Ընդհանրապես, իշխանությունը որդեգրել է դեմագոգիկ կեցվածք՝ փորձում է ԵՏՄ-ն ներկայացնել զուտ որպես տնտեսական կառույց: Սակայն սա բլեֆ է՝ մանավանդ որ բոլորիս է հայտնի՝ չլիներ անվտանգության բաղկացուցիչը, այսինքն՝ մտահոգությունները Ղարաբաղի հարցով, Հայաստանը մաս չէր կազմի ԵՏՄ-ին:

 

Ըստ այդմ, ինչպե՞ս ենք նույն ԵՏՄ-ում լուծելու մեր անվտանգության ու Ղարաբաղի հարցերը, եթե դրա հիմնադիր անդամներից երկուսն Ադրբեջանի բացահայտ դաշնակիցներն են, իսկ մեկը՝ նույն Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը: Կամ, ո՞ւր էր Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունը, երբ նույնիսկ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիակներն օրեր շարունակ մնում էին ադրբեջանական կրակահերթի տակ: Շավարշ Քոչարյանը նշել է, որ եթե ԵՏՄ-ը դրական ազդեցություն չի ունենալու ՀՀ-ի վրա, ապա մեր հակառակորդը դեմ չէր լինի մեր անդամակցությանը:

 

Դարձյալ մանիպուլյացիա է, որովհետև Ադրբեջանը ոչ թե դեմ է եղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, այլ պնդել է, որ Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ տեղադրվի, իսկ նման վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ:

 

Տնտեսական մասով նույնպես որևէ լուրջ հիմնավորումներ չհնչեցին: Ռուսական տնտեսության ճգնաժամն արդեն ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա դրամի արագ արժեզրկման տեսքով: Մերոնք «վարդագույն հեքիաթներ» են պատմում ԵՏՄ-ի ընձեռած տնտեսական հնարավորությունների մասին:

 

Նույնիսկ չճանաչված Աբխազիայի չափ չկանք: Սուխումում Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմական գործընկերության նոր պայմանագրի կողմնակիցներն ու ընդդիմադիրները ցույցեր են կազմակերպել։ Փաստորեն, աշխարհի կողմից չճանաչված Աբխազիայում ինքնիշխանության գիտակցությունն ավելի բարձր է, քան՝ Հայաստանում: Էլ չեմ ասում այն մասին, որ աբխազներն, ի տարբերություն մեզ, քաղաքական, հասարակական դիսկուրս են ծավալում՝ երկրի զարգացման հեռանկարի շուրջ...

Էս ի′նչ տնավեր իշխանություն ու ընդդիմություն ունենք…

 

Սուրեն Սուրենյանց