Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնա-մարզական թռիչք կատարող' Արցախի ՊԲ ուղղաթիռի խոցումը դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող' Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:

 

Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում' խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

 

Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»: