Հայաստանի առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից հատկացումները կհասնեն 30 մլն 891 հազար դոլարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հավանություն կտա «Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 6 փոփոխության կնքման առաջարկությանը:
Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստացվել է Համաձայնագրի Փոփոխություն թիվ 6-ի նախագիծը, որը նախատեսում է լրացուցիչ 1.9 մլնդոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 30 մլն 891 հազար դոլար:
Մինչ այս ամերիկյան կողմից տրամադրած հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 991 հազար 577 դոլար:
Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության տրամադրման նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» Համաձայնագիրը:
Այնուհետև, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2014թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ Համաձայնագրի Փոփոխություն 1-ը, Փոփոխություն 2-ը, Փոփոխություն 3-ը, Փոփոխություն 4-ը և Փոփոխություն 5-ը: