Ահաբեկչական խմբավորումները սկսել են նահանջել Հալեպի Նուբլ և Զահրա գյուղերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ նշված վայրերում տեղի ունեցած բախումների արդյունքում ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել: Կանխվել է նրանց հարձակումը Նուբլ գյուղի վրա, եւ նրանք ստիպված նահանջել են: Գյուղերը զինյալների համար կարեւոր նշանակություն ունեն, քանի որ հսկողություն հաստատելու դեպքում Թուրքիայից իրենց խմբակիցները հեշտությամբ կարող են տարածվել Հալեպում:

 

Բախումները գյուղերում սկսվել են նոյեմբերի 23-ի գիշերը: Ըստ տեղեկությունների՝ երկու կողմերը վնասներ են կրել: Սիրիական ցամաքային զորքերին օգնում են ռազմաօդային ուժերը:

 

Ավելի վաղ՝ մարտին, ՄԱԿ-ը հայտարարել էր, որ զինյալները շրջափակման մեջ են պահում 2 գյուղերը, որոնց բնակչությունը մոտ 45 հազար է: Գյուղեր էլեկտրականության եւ ջրի մատակարարումը դադարեցվել էր:

 

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարեւան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում եւ Հորդանանում: