Դոլարի կտրուկ թանկացումը Հայաստանի համար կարող է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին դոլարի փոխարժեքի կտրուկ աճին:

 

«Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր հասարակության կենսամակարդակի վրա: Դա նաև կարող է օգնել մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան արտադրություն կազմակերպել, իրացնել իրենց արտադրանքը, արտահանում կազմակերպել և ստեղծել նոր աշխատատեղեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

 

Հարցին, թե դոլարի փոխարժեքն առաջիկայում չի նվազելու, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դա արդեն Կենտրոնական բանկի տիրույթում է գտնվում, որը նաև պատասխանատվություն է կրում դրա համար:

 

Նոյեմբերի 24-ին ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել է միջինում 435 դրամի' նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով: