Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիայի գլխավոր ռազմավարական գործընկերը եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում որպես առաջատար երկիր դիրքերն ամրապնդելու իր ձգտման մեջ կողմոնորոշվում է հատկապես դեպի ՌԴ եւ ոչ թե եվրոպական երկրներ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Այդըն Սեզգինը:

 

Այս հայտարարությունը Սեզգինն արել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ ռուս եւ թուրք ձեռնարկատերերի մասնակցությամբ հանդիպման ժամանակ:

 

«Թուրքիան ձգտում է ռազմավարական առաջատար դառնալ մերձավորարեւելյան տարածաշրջանում: Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները պետք է բոլոր ոլորտներում կառուցվեն շատ ակտիվորեն: Այլապես հասնել այն քաղաքական նպատակներին, որոնք դրել են մեր քաղաքական առաջնորդները, շատ բարդ է: Շարվելով դեպի այդ նպատակը, առաջին հերթին մենք կողմնորոշվում ենք դեպի մեր հյուսիսային հարեւանները' Ռուսաստանի Դաշնությունը, այլ ոչ թե եվրոպական երկրները: Դե, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար հանդիսանում է գլխավոր ռազմավարական գործընկեր», -ասել է ն ա:

 

Թուրք դեսպանը նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական եւ դիվանագիտական կապեր գոյություն ունեն շատ դարեր, եւ «այդ կապերը շատ ամուր են, եւ խզել դրանք անհնար է»:

 

Ընթացիկ պատմական պահը Սեզգինն անվանել է «յուրահատուկ», քանի որ այժմ ե՛ւ տնտեսական , ե՛ւ քաղաքական կապերը երկու երկրների միջեւ գտնվում են շատ բարձր մակարդակի վրա:

 

Շուրջ քսան տարի Եվրոպայի դռները թակող Թուրքիայի այս կտրուկ շրջադարձը դեպի հյուսիսային հարեւան հիշեցնում է անցյալ դարասկզբին բոլշեւիկյան Ռուսաստանից տնտեսական եւ քաղաքական օգուտներ քաղելու համար մի գիշերվա մեջ թուրքերի «կարմրելը»' բոլշեւիկանալը: Պատմությունը ցույց տվեց, թե ինչ ավարտ ունեցավ դա: