Շարունակվում են բուժական և հակահամաճարակային միջոցառումները Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման տարածումը կանխելու և տուժած փոքրիկների արդյունավետ բուժումն ապահովելու նպատակով։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի ժամը 21:30-ի դրությամբ 50 երեխա բուժվում է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, 18-ը' Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, 1-ը' «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Աղեստամոքսային թեթև գանգատներով 25 երեխայի բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում: Առողջապահական կազմակերպությունները շարունակում են հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները։

 

Հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նկատվում է լավացման դրական տեղաշարժ: