ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում 18-ամյա սևամորթ դեռահասին այս տարվա օգոստոսին սպանած ոստիկան Դարեն Ուիլսոնը հեռացել է ԱՄՆ իրավապահ համակարգից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնել է CBS News-ը' վկայակոչելով նրա փաստաբան Նիլ Բրանտրեյգերին:
Դարեն Ուիլսոնը Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանական բաժանմունքում 6 տարի աշխատել է որպես ոստիկան, իսկ այդ միջադեպից հետո նրա աշխատանքային պարտականությունները ժամանակավոր կասեցրել են՝ առանց հեռացնելու աշխատանքից։
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանը ստիպված է եղել այս ամբողջ ժամանակ թաքնվել՝ ֆիզիկական բռնությունների վտանգից։
Այն մասին, որ ոստիկանը մտադիր է հեռանալ աշխատանքից փաստաբանը հայտնել էր դեռ մի քանի օր առաջ։
Երկուշաբթի երդվյալների դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել էր Դարեն Ուիլսոնին։ Այս որոշումը, որ ոստիկանը ոչ մի պատասխանատվություն չի կրելու Մայքլ Բրաունին սպանելու համար, մեծ բողոքի ալիք է բարձրացրել և դարձել բազմահազարանոց ցույցերի պատճառ։