Ազգային ժողովն այսօր սկսեց այս տարվա վերջին քառօրյայի աշխատանքները:
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Բոլիվիայի ղեկավարությանը՝ Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
«Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներին, երկրի ղեկավարությանը, բարեկամ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Այնուհետև անցնելով քառօրյա նիստի օրակարգը ներկայացնելուն՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Զարուհի Փոստանջյանի նախագծին՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում այլ ազգերի ցեղասպանությունը:
«Դուք նոր հայտնեցիք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել իմ օրինագծին՝ դատապարտելու Օսմանյան կայսրությունում այլ ազգերի՝ հույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպան քաղաքականությունը: Կխնդրեի պարզաբանում տրամադրեիք ինձ՝ վերջիվերջո անկախ ՀՀ ԱԺ-ն, երբ պետք է ճանաչի այլ ազգերի ցեղասպանությունը ևս Օսմանյան կայսրությունում»,- ասաց նա:
Վերջինիս ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Հանձնաժողովի մեծամասնությունը դեմ է եղել օրինագիծն այս պահին ներկայացնելուն: Եթե իմ կարծիքն ենք ցանկանում իմանալ, երբ ես ասում Հայոց ցեղասպանություն, դրա մեջ շրջանառվում են բոլոր ազգերը»:
Պատգամավորները քննարկեցին հարցը: Գալուստ Սահակյանի առաջարկով Զարուհի Փոստանջյանը հանեց հարցը՝ այն հետագայում քննարկելու և նորովի ներկայացնելու համար: