Սիրիաի քրդաբնակ Քոբանիի քաղաքապետ Էնվեր Մուսլիմը հայտարարել է, որ երեկ քաղաքի վրա հարձակում է կատարվել Թուրքիայի տարածքից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, BBC-ին տված հարցազրույցում Մուսլիմն ասել է, որ հարձակումը կատարել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը: Նրա խոսքով' ԻԼԻՊ-ի մահապարտները Թուրքիայի տարածքից պայթուցիկով լի բեռնատար են բերել եւ պայթեցրել Քոբանիում: «Մահապարտների մարմինները դեռեւս մնում են պայթյունի վայրում: Քոբանիի սահմանակետի շրջակայքում ԻԼԻՊ-ի անդամներ չկան: Մենք վստահ ենք, որ այդ հարձակումը կատարվել է Թուրքիայի կողմից», -հայտարարել է նա:
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշը Firat լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Քոբանիի վրա հարձակումը Թուրքիայի կողմից կատարվելու վերաբերյալ ապացուցող տեսանյութեր կան: «Չնայած Թուրքիայի զինված ուժերը հերքում են դա, սակայն, մենք հարձակումը Թուրքիայից կատարվելն ապացուցող տեսանյութեր եւ լուսանկարներ ունենք: ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Քոբանիի վրա հարձակվել են Թուրքիայի գյուղատնտեսական նախարարությանը կից «Փողային արտադրանքների գրասենյակի» տարածքից: Ինչպե՞ս են ԻԼԻՊ-ի ներկայացուցիչները հանգիստ կերպով թափանցել թուրքական գրասենյակի տարածք եւ այնտեղից հարձակում գործել սիրիական Քոբանիի վրա: Թուրքիայի կառավարությունը պետք է բացատրություններ տա», -պահանջել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Դեմիրթաշը:
Թուրքիայի խորհրդարանի HDP-ի քուրդ պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզն գրավոր հարցապնդում է ներկայացրել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլոին' վերջինից պահանջելով բացատրություն տալ, թե ինչպե՞ս է ԻԼԻՊ-ի մարտիկներով եւ ռումբերով լի բեռնատարը հատել թուրք-սիրիական Մուրշիթփընար սահմանակետը եւ հայտնվել Քոբանիում: Քուրդ պատգամավորը հարցապնդմանը կից ներկայացրել է նաեւ տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ Քոբանիում պայթյուն իրագործողները Սիրիա են թափանցել Թուրքիայի տարածքից:
Միջազգային մամուլը բազմաթիվ փաստեր է հրապարակել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Թուրքիայի կողմից տարբեր բնույթի աջակցություն ցուցաբերվելու վերաբերյալ: