Ազգային ժողովում այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ և հրապարակեց, թե ինչու շրջանառության մեջ դրվեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը:
Եռյակի արտահայտած դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ այս պահին ինքը մեկնաբանություն չունի:
Անդրադառնալով այն տեսակետներին, թե նախագծի մեջ պատգամավորը չի անդրադարձել գլխավոր կետերին՝ ԵՏՄ-ի, 2013-ի նախագահական ընտրությունների հարցերին, Փաշինյանն ասաց. «Ամենևին հակված չեմ մտածելու, որ սպառիչ են այդ ձևակերպումները և այս պահին ձևակերպել եմ նրանք, որոնք հնարավոր եմ համարել ձևակերպել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջներին համապատասխան: Եթե դուք նայեք Սահմանադրական դատարանի մասին օրենքը, ինքն իմպիչմենթի մասին նախագծին կոնկրետ պահանջներ է ներկայացնում: Հիմա, երբ կդնեմ այն շրջանառության մեջ, այդ ժամանակ էլ պատրաստ եմ ընդունել առաջարկներ, որովհետև մենք հասկանում ենք, որ սա նախագիծ է, դե յուրե այդ ամեն ինչը պետք է ձևակերպված լինի: Հնարավոր չէ այս փաստաթղթում միայն քաղաքական դիրքորոշումներ արտահայտել, հարկավոր է այդ քաղաքական դիրքորոշումները նաև դե յուրե հիմնավորել, և ես իհարկե պատրաստ եմ համագործակցության»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Եվրասիական տնտեսական միության հետ կապված այսօր առավոտյան տեղի է ունցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, և ինքը հանձնաժողովում արդեն դեմ է քվեարկել ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրին: