Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում Հայաստանում որոշակի գնաճ կնկատվի, սակայն դա կլինի կարգավորման ոլորտում: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կար այանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին: «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում զգալի թանկացումներ չեն լինի: Կարող եմ վստահեցնել, որ չկան ապրանքներ, որոնց մաքսատուրքերի դրույքաչափերը կթանկանան, և դրանց համարժեք արտադրությունը Հայաստանում չկա: Այսինքն՝ մաքսատուրքի դրույքաչափի թանկացումը դեռևս չի նշանակում ապրանքի թանկացում: Հնարավոր թանկացումներն էլ կլինեն կարգավորման ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:

 

Նա ընդգծեց, որ ԵՏՄ անդամակցության դեպքում Հայաստանում գնաճը կլինի 0.3-0.6 տոկոսի սահմաններում, ինչը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա: Միևնույն ժամանակ, Սուրեն Կարայանը նկատեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանում զարգանա տեղական արտադրանքը:

 

ԵՏՄ-ին անդամակցությունը կնպաստի նաև հայաստանյան շուկայում մրցակցության աճին, քանի որ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծման դեպքում վերացվում են բոլոր մաքսային ռեժիմները և կարգավորումները, ինչը հնարավորություն կտա նաև պայքարել ներմուծման մոնոպոլիզացիայի դեմ:

 

Ազգային ժողովը քննարկում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պատասխանում է պատգամավորների հարցերին: